Իմ արձակուրդը նույնպես ավարտվեց, և մենք վերադարձանք մեր շոգ առօրյա։ Իհարկե, 3 ամսական փոքրիկի հետ հանգստանալը փոքր-ինչ ֆանտաստիկայի ժանրից է, բայց այն դառնում է իրականություն, եթե ընտրել հանգստի ճիշտ վայր և եղանակ։
Հայկական բնաշխարհի հրաշալի անկյուններից է Ջերմուկը՝ հայտնի և անհայտ։ Այստեղ ամենը հեքիաթային է՝ բնությունը, հրաշագործ ջուրը, քաղաքը, մարդիկ։ Քաղաքի մաքրությունն ու բնակիչների բարությունը վառ ապացույցն է, որ Ջերմուկը սիրված է ոչ միայն քաղաքապետի, այլև յուրաքանչյուր ջերմուկցու կողմից։ Ջերմուկում կարելի է հանդիպել հանգստացողներ և զբոսաշրջիկներ ոչ միայն Հայաստանից, Արցախից և մեր սփյուռքից, այլև, օրինակ, Իրանից, Քաթարից, Քուվեյթից, Չինաստանից, եվրոպական երկրներից, Կանադայից, ԱՄՆ-ից։ 
Ջերմուկի «Արմենիա» առողջարանում մարդն իրեն զգում է ինչպես հարազատ օջախում։ Թե բուժական և թե սպասարկող անձնակազմը՝ գլխավոր տնօրենի գլխավորությամբ, իրենց հոգատար և բարեհամբույր վերաբերմունքով կարծես պարուրում են քեզ, և դու բառիս բուն իմաստով վայելում ես հանգիստդ։ 
Նման սպասարկում, հավատացեք, դժվար է տեսնել որևէ այլ երկրում։ Իհարկե, ես լուսնից չեմ իջել, բախտի բերմամբ եղել եմ տարբեր երկրների տարբեր հանգստի վայրերում և իհարկե գիտեմ, որ կան ավելի բարձրակարգ հանգստավայրեր, անշուշտ, գուցե կլինի էլ ավելի պրոֆեսիոնալ որակային սպասարկում, սակայն յուրաքանչյուր հանգստացողի հանդեպ այս ՏՆԱԿԱՆ միջավայրը, ՀԱՐԱԶԱՏ վերաբերմունքը, ԱՆԿԵՂԾ հոգատարությունը, որ ես հանդիպեցի «Արմենիա» առողջարանում, հնարավոր է միայն Հայաստանում!
Հայաստանում է, որ սրճարանի աշխատողը քեզ սուրճը պարզապես կհյուրասիրի, Հայաստանում է, որ ճաշարանի աշխատակիցը անկեղծ կմտահոգվի, թե ինչու ես քիչ ուտում, Հայաստանում է, որ սենյակի մաքրության պատասխանատու կինը երեխայի լացը լսելիս անկեղծ կանհանգստանա, հարազատ բալիկի պես քո երեխային կգուրգուրի և կհանգստացնի, Հայաստանում է, որ առողջարանային բուժական անձնակազմն ի սրտե կուրախանա քո առողջության բարելավմամբ, Հայաստանում է, երբ հեռվից դեռ երեխային տեսնելիս առողջարանի աշխատակից տղամարդիկ քայլ առաջ կմոտեցնեն մանկասայլակը, իսկ կանայք կօգնեն պառկեցնել փոքրիկին.. Եվ այս շարքը կարելի է թվարկել անվերջ։ 
Ի վերջո, միայն Հայաստանում է, այս 42 000 ք/կմ տարածքում, որ ամեն քայլափոխին դու զգում ես, որ ՏԱՆՆ ԵՍ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել