Երեկ հրաշալի օր անցկացրեցինք Քարվաճառում: Հայրենիքի ազատագրված հատվածի այս հատվածն աչքի է ընկնում իր չքնաղ բնաշխարհով ու հոյակապ բնակիչներով` Հայաստանի տարբեր հատվածներից ու թշնամու գերության մեջ մնացած Շահումյանի շրջանից...

Միշտ էլ ազատագրված հողի վրա բնակվողի հանդեպ ակնածանք ու ընդգծված հարգանք եմ ունեցել, ինչ-որ իմաստով նաև` հերոսացրել: Բայց երբ սեղանի շուրջ ծանոթանում ես մի մարդու, առօրյան հասկանալու համար հարցուփորձի դաշտ ես տանում այդ մարդուն, անակնկալի ես գալիս ու սկսում մտորել իրական հերոսի ու հերոսության մասին:

50-ն անց մարդը բնակվում է Քարվաճառում, բնիկ գառնեցի է, պատերազմից հետո ամուսնացել է շահումյանցի կնոջ հետ, 4 երեխաների հայր է: 90թ.-ին մեկնել է Շահումյան, 92-ին շրջանի անկումից հետո շահումյանցիների ջոկատների կազմում մասնակցել է Հյուսիսային Արցախի համար մարտերին: 93-ին շահումյանցիների ջոկատի կազմում առաջիններից է մտել Քարվաճառ: Ասում են` Քարվաճառում առաջին թուրք սպանած ֆիդային է եղել...

Ու պատկերացրեք՝ էս մարդն ինչ է ասում. «Ես ինձ ֆիդայի չեմ համարում, ո՞ւր ա իմ պաշտպանած հողը (ի նկատի ունի Շահումյանը): Ինչի համար եկել էի, չկարողացա պաշտպանել, դրա համար էլ ինձ ֆիդայի չեմ համարում...»:

Դե արի ու գլուխ հանի. մարդը, տուն-տեղ թողած, հասել է Հյուսիսային Արցախ, անցել ողջ պատերազմը, ազատագրել Քարվաճառը, ընտանիք կազմել ու հաստատվել իր ազատագրած հողերում: Բայց մարդն իրեն ոչ թե հերոս, նույնիսկ ազատամարտիկ չի ցանկանում համարել, որովհետև հողը, որի համար ի սկզբանե կռիվ էր գնացել, չստացվեց ազատագրել...

Ու երբ էս մարդուն համեմատում ես քաղաքական դաշտում հաստատված, Աստված գիտի պատերազմի տարիներին ինչով զբաղված, բայց օր ու գիշեր հերոս ու կռված տղա ներկայացող խնդալու տղերքի հետ, ուղղակի գժվում ես կամ մի կուշտ ծիծաղում...

Իսկ գլխիդ կափարիչը վերջնական թռնում է, երբ Բաղրամյան փողոցի վրա մի քանի օր ասֆալտ մաշածին են հերոս անվանում...

Բա հաղթանակի գաղափարը, ռազմի դաշտում ձեռք բերած փառքի գաղափարը, խաղաղ օրերի հերոսության գաղափարը հո պոզով-պոչով չե՞ն փոշիացնում, հենց այսպես են փոշիացնում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել