Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացվելու է «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ընկերության միջոցով: Այս մասին կառավարության նիստում հայտնել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ այս խորհրդատվության արդյունքներով հանրությունը և կառավարությունը կստանան իրեն հուզող շատ հարցերի պատասխաններ, քանի որ «Դելոյթ ընդ Տուշ» ընկերությունը միջազգային համբավ ունեցող խոշոր ընկերություն է: Միաժամանակ վարչապետը տեղեկացրել է, որ ռուսական կողմի հետ համատեղ աշխատանք է տարվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում իրականացվելիք աուդիտի առնչությամբ: Սակայն առավել հետաքրքրականը Հովիկ Աբրահամյանի անդրադարձն էր էլեկտրաէներգիայի սակագների հարցին:

«Շատերը թյուր տպավորություն են ստացել, որ մինչև խորհրդատվության ավարտը կառավարությունը սակագների տարբերության մասով (6,93 դրամ) կաջակցի ոչ միայն բնակչությանը, այլև խոշոր բիզնեսին: Դա այդպես չէ: Կարծում եմ, որ կառավարությունը չէ, որ պետք է ֆինանսավորի բնաև խոշոր բիզնեսը»,- ասել է վարչապետը և ավելացրել, որ երկրի նախագահը հայտարարել է բնակչության համար սակագնի տարբերությունը սուբսիդավորելու մասին:
Վարչապետի հայտնած երկրորդ նորություն այն էր, որ նախագահի հետ քննարկվելու է ՓՄՁ-ներին աջակցելու խնդիրը, ովքեր ծախսում են ամսական միջին հաշվով 250 կՎտ հոսանք:

Այսպիսով, կառավարությունը սոցիալական արդարության առումով հստակություն մտցրեց՝ հայտարարելով, որ բիզնեսի համար սակագինը չի սուբսիդավորելու: Միաժամանակ, դա նշանակում է, որ սուբսիդավորման համար ավելի շատ գումար կհատկացվի միայն բնակչության համար, քան եթե այդ սուբսիդավորումը լինի համատարած՝ ներառյալ բիզնեսի համալիրներ:

Այսինքն, բնակչության համար սուբսդիավորումը հավանաբար ավելի երկար ժամանակով տեղի կունենա, քան աուդիտի համար անհրաժեշտ 3-6 ամիսն է: Քիչ հավանական է, որ աուդիտի ավարտից հետո կառավարությունը սակագնի սուբսիդավորումից հրաժարվի ձմռան ամիսներին: Հետևաբար, բնակչության համար ներկայիս սակագինն առնվազն մինչև հաջորդ տարվա գարուն կամ գուցե ավելի երկար կմնա անփոփոխ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել