Բաղրամյանի պայքարի անվան տակ անկազմակերպ ակցիաներ ու երթեր են անցկացնում: Ժողովուրդ, ախր էսպես չի լինի, թե առաջարկելու բան ունեք, առաջարկեք, թե չէ ամեն տեսակի ակցիա Բաղրամյանի հետ կապելը ո՞րն է:

Բաղրամյանում ինքնաբուխ ակցիաներ էին կազմակերպվում, պողոտայից ինքնաբուխ ու կոնկրետ ասելիքով երթեր էին սկիզբ առնում: Երեկ Հանրապետության հրապարակում անցկացվող ակցիան կամ երթը ոչ մի կետով Բաղրամյանին չէր «սազում»:
Ազնիվ չէ, երբ «Ոտքի, Հայաստանի» անդամները Բաղրամյանի պայքարն օգտագործում են մարդկանց համոզելու համար: Ի վերջո, դուք պայքարո՞ւմ եք, թե՞ վատ գովազդով եք զբաղվում, իսկ եթե մարդիկ գան ու Բաղրամյանի պայքարի հետքն անգամ չգտնե՞ն:

Ըստ էության, երեկ հենց այս իրավիճակն էր: Թվում էր, թե «Ոտքի, Հայաստանը» իսկապես էլ ոտքի է հանել ժողովրդին, բայց կազմակերպիչները բավարարվեցին երթով ու կարճատև ակցիայով: Որպես արդարացում՝ նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն ասաց, թե գործողությունների չդիմեցին այն պատճառով, որ հավաքը մարդաշատ չէր: Նման հայտարարությունները նաև վիրավորական են այն մարդկանց համար, ովքեր երեկ Հանրապետության հրապարակում էին, միացել էին պայքարին:

Դավիթը մյուսների անունից խոստացել է մինչև հաջորդ հանրահավաքը՝ օգոստոսի 21-ը, աշխատանք տանել, շատ մարդ բերել հրապարակ ու գործողությունների անցնել։ Մյուս կողմից էլ ակտիվիստներն ակնկալում են նաև ընդդիմադիր կուսակցությունների աջակցությունը։

«Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամներից որևէ մեկի դեմ անձնական հակակրանք չունենալով հանդերձ՝ պետք է ասեմ, որ նրանց պայքարն ավելի շատ նման է խաղի: Պետք չէ հավաքվել Հանրապետության հրապարակում ու խոսել ժողովրդից կամ էլ ընդդիմությունից ունեցած հույսերի ու սպասելիքների մասին: Ամեն անգամ ժողովրդին հրապարակում հավաքելով ու կոնկրետ քայլերի խոստում տալով, իսկ վերջում միայն նոր հանրահավաքի օր հայտարարելով, ի վերջո, Հանրապետության հրապարակում կմնան միայն Անդրիաս Ղուկասյանն ու Դավիթ Սանասարյանը:

Այս փուլում պետք է ազնիվ լինել, ինչպես արեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը: Վաղինակը և էլի մի քանի ակտիվիստներ գուցե պայքարից դուրս գալու պատճառները մինչև վերջ չբացահայտեցին, բայց նաև կարողացան ազնվորեն հեռանալ ու մարդկանց դատարկ հույսերով ու կոչերով չխաբել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել