Image result for շրջանառության հարկ

Ինչպես հիշում ենք, որոշ ժամանակ առաջ «Շրջանառության հարկի մասին» օրենքը բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել:
Ի՞նչ էր այն իրենից ներկայացնում: Մինչև նոր օրենքի ընդունումը տնտեսվարողները վճարում էին 3.5% շրջանառության հարկ և աշխատում էին առանց փաստաթղթերի:
Նոր օրենքն առաջարկում էր շրջանառության հարկն իջեցնել մինչև 1%, որի դիմաց ՓՄՁ-ները պետք է աշխատեին պարտադիր փաստաթղթաշրջանառությամբ:
Այս մասով, սակայն, կային բողոքներ. վերջիններս պնդում էին, որ խոշորները հրաժարվում են տրամադրել իրենց համապատասխան փաստաթուղթ:
Պետությունը ՓՄՁ ներկայացուցիչների հետ եկավ վերջնական եզրահանգման: Մասնավորապես, մշակվեց նոր մեխանիզմ, որով ՓՄՁ ներկայացուցիչները կարող էին աշխատել 2 տարբերակով. ներկայացնել փաստաթղթաշրջանառություն և վճարել 1% հարկ կամ աշխատել առանց որևէ թղթի և վճարել 5% դրույքաչափ:
Այսինքն՝ ստացվում է, որ եթե տնտեսվարողները ցույց տան շրջանառության 50%-ը, ապա կվճարեն 2,5% հարկ:
Բացի դրանից, որոշում կայացվեց ԱԱՀ-ի անցման նվազագույն շեմը 58 միլիոնից դարձնել 116 միլիոն:
Այս օրերին «Չեմ վճարելու» անվամբ մի շարժում հայտարարել է, որ դեմ է շրջանառության հարկի ներկայիս սահմանած դրույքաչափին և պահանջում է իջեցնել այն մինչև 3,5 %: Շարժման անդամներից Արսեն Արզանյանն ասել է. «Մենք առաջարկում ենք՝ լինի շրջանառության հարկի մասին օրենքը՝ 1 տոկոսով, եթե մարդը հնարավորություն ունի փաստաթղթավորվելու, և մնա հին օրենքը՝ 3,5 տոկոս շրջանառությամբ։ Ձեռնարկատերն ինքը որոշի` ինչպես աշխատել»:
Բացահայտ երևում է, որ սա իրականում «Սև հաշվապահության» կողմնակիցների պահանջն է, որը թերի է շարադրված:
Բացատրենք՝ ինչու: Պետությունը բացի այդ 5%-ից, հնարավորություն է տալիս աշխատել ընդհուպ մինչև 1% շրջհարկի դրույքաչափով: Արսենի առաջարկած տարբերակով 5%-ի շեմը պետք է իջեցվի 3.5%:
Եթե տեսականորեն ընդունենք Արսենի ներկայացրած փաստարկն առ այն, որ ՓՄՁ ներկայացուցիչն օբյեկտիվորեն չի կարող թղթաշրջանաության մի մասն ապահովել, ապա պետք է նշենք, որ այդ դեպքում տվյալ տնտեսվարողը կարող է ցույց տալ շրջանառության միայն կեսը և վճարել ընդամենը 2,5 տոկոս հարկ:
Այսինքն՝ ստացվում է, որ գործող օրենքն ավելի հարմար դրույքաչափ է սահմանում, քան մեր անհայտ շարժման «վեհ» տնտեսագետները պահանջում են:
Հակառակ դեպքում ստացվում է, որ շարժման մասնակիցները պարզապես ցանկանում են աշխատել ստվերում:
Ես հասկանում եմ, որ օրենքը դժվարընկալելի է, և այս աշխույժ երիտասարդները չեն կարողացել մինչև վերջ սերտել նրա նրբությունները, այնուամենայնիվ, խորհուրդ կտամ մի փոքր ավելի խորը ուսումնասիրել, հետո նոր դուրս գալ պիկետների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել