Pastinfo.am-ը գրում է.

«Փաստինֆո»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել՝ ծննդկան Ջուլիետա Գասպարյանի մահվան առիթով հարուցված քրեական գործից, համաձայն որոնց՝ հնարավոր է` կասեցված քննությունը նորից շարունակվի: 
 
Բանն այն է, որ օգոստոսի 6-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում որոշում էր կայացվել մերժել քրեական գործի հարուցումը, քանի որ հայտնի էր դարձել, որ մահվան պատճառ է հանդիսացել «Պոլիօրգանային անբավարարություն, սեպտիկ էնդոկարդիտ, փայծաղի և երիկամների նեկրոզ»-ը: 
 
Սակայն նկատի ունելով երիտասարդ կնոջ ազգականների՝ օգոստոսի 8-ին ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում մատնանշված հանգամանքները և հղիության նախնական շրջանում Գյումրիի համապատասխան բժշկական հաստատությունների կողմից կատարված հետազոտության արդյունքների վերաբերյալ բողոքները՝ նախաքննական մարմինը դիմել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ խնդրելով վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու՝ քննիչի որոշումը, քանի որ անհրաժեշտություն է առաջացել կատարել քննություն՝ հարազատների կողմից մամուլում մատնանշված հանգամանքների շուրջ։
 
Նշենք, որ, ըստ GalaTV-ին տված հարցազրույցների, հարազատները պատմել էին որ իրենց աղջկա՝ սրտի արատ ունենալու մասին չեն էլ իմացել, Գյումրիի պոլիկլինիկայում ու հիվանդանոցում իրենց այդ մասին չեն հայտնել և նույնիսկ վիրավորել են, երբ իրենք մի քանի հոգով ծննդկանի հետ դիմել են բժշկի:
 
Հիշեցնենք, 23-ամյա  Ջուլիետա Գասպարյանը որպես հղի հաշվառված է եղել Գյումրի քաղաքի պոլիկլինիկաներից մեկում: 2015թ. հուլիս ամսվա սկզբին նրա մոտ ի հայտ են եկել առողջական խնդիրներ:
 
Երկու օր Գյումրի քաղաքի ծննդատանը բուժում ստանալուցհ ետո նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Այստեղ հղի կնոջ մոտ սրտի հետ կապված խնդիրներ են ախտորոշել և համապատասխան հետազոտություն կատարելու համար ուղարկել են Նորք Մարաշում գտնվող սրտաբանական կենտրոն, որտեղ հետազոտելուց հետո նրան վերադարձրել են «Արմենիա » բժշկական կենտրոն, ապա՝ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
 
Օգոստոսի 1-ին կատարվել է կեսարյան հատում, սակայն երիտասարդ կնոջ կյանքն այլևս փրկել չի հաջողվել, նրա առողջական վիճակը չի բարելավվել, իսկ օգոստոսի 4-ին մահացել է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել