Ոմանք խորհուրդ փնտրելուց դեռ չեն դադարել ու գիտեն` գտնելու են ու հյուսվելու են շատերի` իրենց նետած լույսի շիթերին: Պատ, որ շատ հոգիների արձանն է: Եղած պատը հոծ չէ, կարծր չէ, ջուր չէ, գոլորշի չէ: Նյութ չէ, տեսիլ էլ չէ: Ո՞րն է օրինակ ոմանց բթության հաղթարշավի գաղտնիքը: Չէ’, ի՞նչ գաղտնիք, գաղտնիքը լինում է լույսի ու ստվերի արանքում: Բթությունը նյարդ չունի, չունի ներվ, չունի մկան, նրան ոչ թե հոգին է կերակրում, այլ վամպիրի ժանիքը, որը, ավա՜ղ, միայն խիտ ուղեղի ծալք է որոնում: 
Որքան էլ այս մոլորակի վրա ամեն ինչ հաշվանքի որևէ սիստեմում իր ամրագրումն ունի, որքան էլ ամեն ինչ ու ամեն ոք տեսանելի է յուրովի, որքանով էլ և այս հարցում էլ հստակությունը նախընտրելի ու ցանկալի է, միևնույն է՝ հաճախ այնպե՜ս ուզում ես աներևույթ չլինել, բայց լինել սեփական համակարգում միայն, սեփական հաշվանքի սիստեմում միայն, տեսանելիության սեփական ոսպնյակում միայն, լինել ու աշխարհը զգալ այնպես, ինչպես այն զգում ես ինքդ՝ անկա՜խ, միայն ինքդ ու այն չբեկել ուրիշների միջով, այն չաղավաղել ուրիշների գույների խառնուրդով…
Մի անգամ, մի պահ գոնե մնալ ինքդ քեզ հետ՝ անկախ ամենից ու ամենքից, ու հասկանալ՝ ո՞րն է, ի վերջո, այս լինելության խորհուրդը՝ սերունդներ… էստաֆետելուց զատ:
Մի անգամ, գոնե, տեսնել մոլորակի իսկական գույնը: Գուցե մոլորակը նաև բո՞ւյր ունի: Զգալ նախախնամության…մտքինը:
Ի վերջո՝ հասկանալ՝ մենք ու մոլորակը դատապարտյալնե՞ր ենք, թե՞…
Գիտությունն այս պահին, որ թեկուզ շատ պայծառ, բայց ասուպ է թվում: Ասուպ, որին ուղեկցում է նախախնամության հարգալից, բայց շեղ ժպիտը… 
Արագություն հավաքելդ մի բան է՝ չքնա՜ղ, հրա՜շք, փնտրվա՜ծ… Մի այլ բան է հավաքածդ արագության թափին դիմանալը՝ խե’նթ, հիասթափվելու երկյուղից՝ ահավո’ր, քեզ զուգահեռ աշխարհի հակընթացից՝ խելակորո՜ւյս… Երբևէ զգացե՞լ եք արագության … համը, շիկացած բույրը: Դա ուրիշ է, այնքան ուրիշ, որ անվտանգության երաշխիքները քեզ մահկանացուներին հնարանք են թվում՝ փո՜քր, ողորմելի՜… Ի՜նչ անվտանգություն բաց տիեզերքում, այնտեղ ուր Ծիր Կաթինն է, աստղային անձրևը, ուղեծիների պարսերը, այնտեղ, ուր նյութը առեղծված է, ոչ՝ քաշ, այնտեղ, ուր դու բազում չափումներում ես՝ անմարմի՜ն, կենդա՜ն… Ու քո ԱՄԵՆՔԸ … քեզ հետ են… Դու լույսերի խանձարուրում ես…
Թե կաս, ուրեմն պիտի լինես ամեն օրվա մեջ, բայց լինում են օրեր, որ սահում են քեզ զուգահեռ, որ ինքը չի՞ ուզում քեզ, դո՞ւ այնտեղ անելիք չես ունենում, թե՞ պարզապես այդ օրերին ինքդ քեզ չես տեղավորում, ու օրը քոնը չի լինում: Հետաքրքիր է` այդ պահերին անհա՞շտ են լինում միտքդ ու հոգիդ, թե՞ պարզապես տագնապահար ես լինում ճշմարտության երկունքով: Երազի չափ… իրական զգացողություն է ինքդ քեզ կորցնելը... Պատահե՞լ է… Կորցնում ես, երբ ինքդ քո, ավելի քան քթի տակ ես… Կորցնում ես, որովհետև կորցրած ես լինում փնտրել-գտնելու շնորհդ… Բայց հանկարծ հասկանում ես, որ դա ոչ թե հետևանք էր, այլ անհրաժեշտության հրամայական` դա շանթարգելի տրամաբանությամբ էր, որովհետև, հակառակ պարագայում, քեզ սպառնում էր ինքդ քո արբանյակը դառնալու խելահեղությունը… Տե’ր, ի՜նչ ժամանակին էր … ինքդ քեզ կորցնելը-նորեն գտնելը խրախճանք է լինելու… Այսինքն` արդեն գտա - սա նախախնամության բարեհաճության հնարանքն էր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել