Լավագույն պահն է, որպեսզի հայերը եւ Հայաստանը հիմնավորապես կարգավորեն իրենց կապերը Ռուսաստանի եւ Իրանի հետ: Նույնիսկ Աբխազիան է արդեն սկսել այդպիսի մի պրոցես Ռուսաստանի հետ: Ռուսաստանը պետք է հրաժարվի չկամություն դրսեւորել հայ-իրանական համագործակցության հանդեպ: Ռուսները պիտի վերջապես հասկանան, որ ձախողելով հայ-իրանական համագործակցությունը մասնավորապես էներգակիրները Հայաստանի տարածքով Եվրոպա արտահանելու գործում՝ վնասում են նաեւ իրենք իրենց: Ռուսաստանի այսպիսի դիրքորոշումը հիշեցնում է հայկական հին անեկդոտը գժի մասի, որը ածելիով սպառնալով իր գանգամաշկը կտրատել, գոռում է «ոչ ինձ, ոչ քեզ»: Ակնհայտ է, որ այդ էներգակիրների խողովակաշարերն իր դաշնակցի տարածքով անցնելու դեպքում Ռուսաստանը հնարավորություն է ունենում դրանց նկատմամբ ինչ-որ ազդեցություն պահպանել նաեւ իր ձեռքում: Իսկ եթե ռուսները օտարատյացությունից կուրացած եւ չկամությունից թշնամացած մերժողականություն են դրսեւորում, ապա նրանք նախ ամբողջովին կորցնում են իրենց դաշնակցի հավատն իրենց նկատմամբ, իսկ խողովակաշարերը, այլ ուղեգծերով, այնուամենայնիվ, անպայման հասնում են իրենց նպատակակետերին, ինչպես եղավ Բաքու-Ջեյհան նավթամուղի պարագայում, երբ ռռւսներն ու ՀՅԴ-ականները գոռգոռոցները գցել էին, թե այն չի կառուցվելու: Այս հարցերում Հայաստանի առաջին նախնական քայլերը պետք է լինեն բարձր մակարդակով հայտարարելը, որ ՀՀ-ն մտադիր է առաջիկա օրերին Մոսկվայի հետ շտապ բանակցություններ է սկսել, ինչպես նաեւ զուգահեռաբար մի այլ հայտարարություն անել այն մասին, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ իր հարաբերությունների սերտացնել բոլոր այն ոլորտներում, որոնցում շահագրգռված են երկու բարեկամ կողմերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել