Image result for հակԹուրքական առածն ասում է. «Կռիվը նրանից է, որ մեկն ուտում է, իսկ մյուսը՝ նայում»: Ընթերցողը հավանաբար կտարակուսի, թե մեր հայկական ասացվածքներն ու առածները թողած, ինչու եմ մեջբերում թուրքականը: Պատասխանը շատ պարզ է և անմիջական կապ ունի Հայ ազգային կոնգրեսի հատկապես երիտասարդների շրջանում տիրող լարված վիճակի հետ: Բանն այն է, որ ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը մի քանի օր առաջ ընտանիքով մեկնել է Թուրքիա հանգստանալու՝ ընդամենը մի 15 օրով: Կոնկրետ հանգստավայրը գաղտնի է պահվում: Սակայն հաշվի առնելով Զուրաբյանի նրբաճաշակ տիկնոջ բարձր պահանջները՝ կոնգրեսականները չեն էլ կասկածում, որ հանգիստը նրանք կանցկացնեն պերճաշուք պայմաններում: Սակայն որոշ կոնգրեսականների համար անհասկանալի է, թե ինչու է հիմա թուրքական առածի «ուտողը» Լյովիկը, իսկ իրենք «նայող» են մնացել, այնինչ «ծեծ ուտելուց» Լյովիկն է «նայող» դառնում:
Կոնգրեսականների համար էլ ավելի հիասթափեցնող է այն հանգամանքը, որ իր հանգիստն է անցկացնում նաև ՀԱԿ երկրորդ փոխնախագահը՝ Արամ Մանուկյանը: Կարծում եք նա հանգստանում է Աղվերանու՞մ: Ոչ, հարգելիներս, ՀԱԿ-ի անդամների մոտ շրջանառվող տեղեկություններով՝ մարդկանց սոցիալական խնդիրների լուծման ծանրագույն պայքարից հոգնած այս պարոնը մեկնել է Սոչի: Այս դեպքում էլ ստիպված եմ մեջբերել ռուսական առածը. «Война войной, а обед по расписанию»:
Երևի թե հասկանալ կարելի է Կոնգրեսի անդամների մեծամասնությունը կազմող ընչաքաղց ու անապահով զանգվածի մոլորվածությունը և վրդովմունքը: Մարդիկ մտածում են, թե մենք կիսասոված ենք, կուսակցությունը ֆինանսների բացակայության պատճառով անգործության է մատնված, իսկ ՀԱԿ-ի ղեկավարները լի ու բոլ հանգստանում են, էլ ո՞նց ենք միասին հեղափոխություն անելու: Բայց գտնվում են քաղաքականապես կոփված կուսակցականներ, որոբք պարզ և հասանելի լեզվով բացատրում են, որ հեղափոխությունը, որի անհրաժեշտության մասին այդքան երկար խոսում էին նաև Լյովիկն ու Արամը, կոչվում է բուրժուադեմոկրատական: Հիմա ՀԱԿ-ի ղեկավարները պետք է խորասուզվեն բուրժուական հաճույքների մեջ, որպեսզի կարողանան լիարժեք ընկալեն ու ըմբռնեն այդ միջավայրի պերճանքը, և միայն դրանից հետո առաջնորդեն թշվառներին՝ հեղափոխական բարձունքները գրավելու: Կարծում եմ, կհամաձայնվեք, որ այս բացատրությունը լիովին համապատասխանում է քաղաքագիտական վերլուծության տրամաբանությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել