Վերջերս Գրիգոր Կյոկչյան անուն ազգանունով մեկը, ով համացանցային տարաբնույթ հարցազրույցներում պնդում է, որ այս տարի ինքն է Հայաստանը ներկայացնելու «Նոր Ալիք» ամենամյա մրցույթում, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է արել «Շանթ» հեռուստաընկերության մասին: «Շանթի» հեռուստադիտողը նրան հնարավոր է, որ հիշի մեր երաժշտական նախագծերից մեկից, որին տարիներ առաջ բավականին անհաջող մասնակցություն է ունեցել` աչքի ընկնելով մեր նախագծերի համար մերժելի արարքներով, ինչի տեսագրությունները պահվում են մեր պահոցում և անհրաժեշտության դեպքում կարող են հրապարակվել:

Եվ ահա այս Գրիգոր Կյոկչյանը մասնավորաբար նշում է, թե իբր իրեն հայտնի է, որ «Շանթը» չի կատարել անցյալ տարի «Նոր Ալիք» երաժշտական մրցույթը հեռարձակելու իրավունքի հետ կապված ֆինանսական պարտավորությունները: «Շանթ» հեռուստաընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ հիշյալ ֆինանսական պարտավորությունները լիարժեքորեն կատարվել են դեռ անցյալ ամռանը և պահանջում է Գրիգոր Կյոկչյանից զանգվածային լրատվամիջոցի համապատասխան ձևաչափով հերքում տարածել: Այլապես հեռուստաընկերությունը պատրաստվում է համապատասխան հայցով դիմել դատարան` դատական կարգով պահանջելով ոչ միայն հիշյալ ապատեղեկատվության հերքում, այլև համապատասխան հատուցումներ` պատճառված վնասների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել