(հուշագրության փորձ)

xxx

Այնպես է ստացվել, որ իմ առաջին լեզուն եղել է ռուսերենը. մեկ տարեկան հասակում ընտանիքիս հետ՝ հորս մասնագիտական-աշխատանքային երկարաժամկետ գործուղման շրջանակում մեկնել եմ Մոնղոլիա և շուրջ 5 տարի բնակվել ասիական այդ հանրապետությունում: Բնականաբար, ԽՍՀՄ ազդեցությունը 80-ականների սկզբին մեծ էր այդ երկրի վրա, որտեղ իմ կեցության տարիներին առչնվել ենք ռուսախոս համայնքի հետ: Ճիշտ է, ընտանիքում մորս սևեռուն ճիգով ուղղորդվել ենք դեպի մայրենի՝ հայոց լեզուն, այդուհանդերձ, կարելի է ասել, որ այդ և հաջորդող մեկ-երկու տարիներին ես ու կրտսեր քույրս հիմնապես հաղորդակցվել ենք ռուսերենով:

Հետագայում, Հայաստանում ռուսական մանկապարտեզ, ապա և ռուսական հանրակրթական դպրոց հաճախելուն զուգահեռ ՛՛ջարդված՛՛ հայերենով փորձել եմ ողջամիտ համակշռության բերել լեզվական կարողությունս՝ հօգուտ մայրենիի: Պատանեկության տարիներին ռուսական լեզուն և մշակույթը շարունակեցին գրավել օրգանապես, այնքան, որ ընտանեկան գրադարանի ռուսական բաժնում եղած գրեթե բոլոր գրքերը մի շնչով կարդում էի (անկախ դրանց տարիքային նշանակությունից և իմ ընկալման աստիճանից), ավելի՛ն, խիզախում բնագրային թարգմանություններ կատարել Լերմոնտովից, Տյուտչևից, Պաստեռնակից, Եսենինից, ռուսական գրականության այլ երևելիներից: Ռուսաց լեզվի դասերը դպրոցում ինձ համար եղել են իսկական տոն, առանձնակի աշխատասիրությամբ ու ոգևորվածությամբ եմ վերաբերել ռուսերենին վերաբերող ցանկացած առաջադրանքի:

Դպրոցն ավարտելուց հետո, Երևանի Պետկոնսերվատորիայում ուսանելու տարիներին առչնվել եմ որպես կանոն ռուսախոս դասախոսների հետ, գիտելիքներս հարստացրել ռուսաց լեզվի բնագրային գրականությամբ, որի հայերեն թարգմանություններն առ այսօր, կարծում եմ, կատարված չեն մեր ուսանողության համար, հատկապես նրանց, որոնք հետզհետե ռուսաց լեզվի պատշաճ իմացություն չունեն:

Ի դեպ, լեզուների հետ կապված, մի երրորդն էլ կա, որ հաստատուն տեղ է գրավել իմ լեզվամթերքում ու համեստ իմացության մեջ. պատանի տարիքից աշխատելով միջազգային կազմակերպությունում և հանգամանքների բերումով շրջագայելով արտերկրի մի շարք երկրներում, անգլերենը ևս դարձել է հարազատ լեզու: Ավելին, ժամանակի ընթացքում հնարավորինս կատարելագործելով և մասնագիտական վերապատրաստումներ անցնելով՝ նույնիսկ անգլերեն եմ դասավանդել հանրակրթական դպրոցում՝ տարրական դասարաններում և պատեհության պարագային՝ նաև բարձր տարիքի աշակերտների շրջանում: Հայերենիս իմացության մասին համեստորեն լռում եմ, քաջատեղյակներին կամ անծանոթներին վկայակոչելով իմ գրականությունն ու բանավոր խոսքը նաև:

Ասածս մեկն է, մարդու ներաշխարհի հարստությունն ու հաղորդակցման որակները էապես պայմանավորված են լեզվի նկատմամբ ակնածանքով, լեզվի/լեզուների տիրապետման հմտությամբ ու լեզվամշակութային զարգացումներով: Այնպես որ, որևէ մեկին օտարամոլ անվանելիս պետք է օրգանապես քննել բոլոր գործոնները՝ նրան այդ պիտակը կպցնելուց առաջ: Այսօր, առավել քան երբեև, պետք է ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ դարձնել ՀԻՄՆԱՍՅՈՒՆ, Գիտելիքի, Գործունեության և Կենսակերպի կարևոր Բաղկացուցիչ: Այո՛, ոչ ոք չի առարկում և երկբայում: Բայց անհրաժեշտ է նաև ողջամիտ զուգահեռականությամբ խորացնել այլ լեզուների իմացությունը, որպեսզի հանուն սեփական անվտանգության ու զարգացման չկտրվել բազմազգ ու այլալեզու Աշխարհից, գլոբալիզացիայի հարահոսում չխորտակվելու, բայցև Այնտեղ Հարգված Ներկայություն ու Դերակատարում ունենալու համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել