Image result for ոստիկանությունՀՀ կառավարությունն իր անցած նիստում հաստատեց ոստիկանության գործունեության 2015- 2017թթ. բարեփոխման ծրագիրը, որի ընդունումը բխում է ՀՀ նախագահի 2014թ, ապրիլի 23- ի «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն- Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014- 2015թթ. միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կարգադրության պահանջներից:

Նոր ծրագրով կապահովվի արդեն իսկ իրականացված բարեփոխման շարունակությունը: Ծրագրի իրականացմամբ նախատեսվում է ոստիկանության գործունեությունը դարձնել առավել թափանցիկ, ընդլայնել ոստիկանություն- հասարակություն կապը և համագործակցությունը: Մասնավորապես, համայնքային ոստիկանության գործելաոճի ներդրման հիմնական նպատակներից մեկը հենց հասարակության հետ անմիջական կապի և համագործակցության ամրապնդումն է, որի դրական արդյունքն արդեն իսկ տեսանելի է:

Ոստիկանության գործունեության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նաև հասարակության կողմից ոստիկանության հանդեպ ունեցած վստահության աստիճանով: Այդ կապակցությամբ բազմաթիվ միջոցառումների համակցության դեպքում ծրագրի կարևոր խնդիրներից է հասնել ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահության: Ամփոփելով ոստիկանության ոլորտի բարեփոխման նախկին ծրագրերի արդյունքները, այս ծրագրում առավել կարևորվել են հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված, ինչպես նաև ոստիկանության գործունեության թափանցիկությունն ապահովող միջոցառումները:

Ոստիկանության գործողությունների վերահսկողության համարժեք և արդյունավետ մեխանիզմներ ներդնելու համար ծրագրում ընդգրկվել են քաղաքացիական հասարակության հետ համագործակցության արդյունավետության բարձրացման միջոցառումներ: Ծրագրում մեծ տեղ է տրված անձնակազմի վերապատրաստման և ծառայողների մասնագիտական պարապմունքների իրականացմանը, առավել արդյունավետ և նոր տեխնիկական միջոցների օգտագործմամբ հասարակական անվտանգության ապահովմանը:

Ոստիկանության գործունեության ընթացքում առկա խնդիրները լուծելու նպատակով ծրագրում ամրագրվել է բարեփոխման ութ հիմնական ուղղություն: Դրանցից է կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը` կոռուպցիայի դեմ պայքարը, որը ժամանակի հրամայականն է: Հաստատված ծրագրով նախատեսվող միջոցառումների իրականացումն ամբողջությամբ ենթադրում է նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել