1920թ. օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության և բոլշևիկների միջև կնքվում է համաձայնագիր, որով Լեռնային Ղարաբաղը, Նախիջևանն ու Զանգեզուրը համարվում են Խորհրդային Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածքներ։ Այս զինադադարը պարտադրված էր Հայաստանի իշխանություններին, քանի որ իրադրությունը Զանգեզուրում ու Ղարաբաղում ծայրահեղ ծանր էր՝ 11-րդ բանակի դիվիզիաները գրավել էին Գորիսն ու Սիսիանը. միայն Նժդեհն էր ամրացել Կապանում և շարունակում էր դիմադրությունը։

Զինադադարի ստորագրմանը խիստ բացասաբար են արձագանքում Անդրկովկասում անգլիական գերագույն կոմիսար Լուկկը և ֆրանսիական բարձրագույն կոմիսար դ’Մարտելը։ Թիֆլիսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Տիգրան Բեկզադյանին նրանք հայտնում են, որ համաձայնագրի ստորագրումով «Հայաստանի կառավարությունը Անտանտի նկատմամբ ոչ բարեկամական ակտ է կատարել»։

Ուշագրավ է, որ բարձրագույն կոմիսարները չեն անդրադառնում Լեռնային Ղարաբաղում բրիտանական քաղաքականությանը, երբ ամեն գնով խրախուսում էին Ադրբեջանի հակահայկական գործողությունները, երբ Անդրանիկին թույլ չէին տալիս անցնել Ղարաբաղ և կազմակերպել տեղի հայերի պաշտպանությունը։ Այս ամենը եղել էր ընդամենը երկու տարի առաջ՝ 1918-ին, սակայն մեծ քաղաքականությունը մոռացության էր մատնել այդ դեպքերը։

ՀԳ. Նույն օրը ստորագրվում է նաև Սևրի պայմանագիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել