Ինչո՞ւ ենք մենք Հելլոուին նշում: Որովհետև PR է արվա՞ծ: Առանց մտածելու նմանվե՞նք ուրիշներին: Այս դեպքում ո՞ւր ենք մենք: Ո՞ւր է մեր դեմքը, ո՞ւր է մեր կերպարը: Մենք ռոբոտ չենք: Եթե արաբները լավ արաբական PR անեն, դառնալո՞ւ ենք արաբ, եթե քուրդերը լավ քրդական PR անեն, դառնալու ենք քուրդ:
Մենք՝ որպես հազարամյակների խորքից եկած ժողովուրդ, իրավունք չունենք ամեն մեկի կապկումների արտացոլումը դառնալ: Եթե ամերիկացիները՝ որպես 250 տարվա ժողովուրդ, իրենց դեմքն ու դիմագիծը չունեն և արհեստածին տոներ են ստեղծում իրենց համար, մենք չպետք է կապկենք նրանց: Նրանք ավանդական հիմք չունեն, ավանդություն չունեն: Իսկ ի՞նչն է պատճառը, որ Իսրայելը չի անում նման բան: Ինչո՞ւ Իսրայելից օրինակ չենք վերցնում, որ պահում է իր ամեն մի ավանդությունը: 
Այսօր ի՞նչ ավանդություն ունենք մենք: Ոչ մի ավանդություն: Որովհետև արհեստածին այս երևույթների հետևից ընկնելով և կարևորելով այս խաղալիք տոները՝ մոռանում ենք մերը: Իսկ երբ ազգը կորցնում է իր ազգային արժեքները, չի կարող հավաքական կերպար ձևավորել և ազգ կոչվել:
Ամեն մի երկիր իր սովորությունն ունի: Ինչո՞ւ մյուսի արածն ինձ համար համոզեցուցիչ կերպ պետք է լինի ապրելու: Ես դադարում եմ ես լինելուց… Այս ծրագիրն է գործի դրված: Նպատակ կա մարդու մեջ մեռցնել անհատական կերպարը, մարդուն դարձնել ռոբոտ: Արա մյուսների պես՝ առանց հարցնելու, թե ինչու: Սակայն այսպես մենք մարդուն իջեցնում ենք անասունի մակարդակի:
Դրսից ներմուծվող երևույթների դեմ պայքարն անզոր է, գիտակցություն է պետք: Մենք մեր հոգու տոնը պետք է պաշտպանենք գողերից: 
Սակայն դա անելու փոխարեն այն, ինչ մերն է, համարում ենք քյառթուական: Այս բառը ստեղծել ենք, որ մեր բոլոր արժեքները կափարիչով փակենք, թաղենք: Մերն անհարմարություն է մեզ համար, ամոթ է, որ մենք մեր արժեքները կրենք:

Դուք երբևէ ձեր տանը նշե՞լ եք Սոբչակի ծննդյան տոնը կամ Ադրբեջանի անկախության տոնը նշե՞լ եք: Դա իրենց տոնն է, մեզ հետ առնչություն չունի: Իսկ ինչի՞ եք Հելլոուինը նշում: Էստեղ իմաստ պարզապես չկա: Ի՞նչ առնչություն ունի սատանայապաշտական տոնը հայ ժողովրդի հետ: Աֆրիկյան քանի՞ տոն ենք նշում մենք: Ինչո՞ւ հարց չի բարձրանում նշելու եթովպացիների հուլուբուլու տոնը: Նշե՛նք: Ո՞ւր է անպատեհությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել