Մարդու համար աչքերը չափազանց կարևոր նշանակություն ունեն։ Նրանց միջոցով է ուղեղը ստանում շրջակա աշխարհի մասին ինֆորմացիայի 85%-ը։ Եվ միայն 15%-ն է ստացվում լսողության, շոշափելիքի և հոտառության միջոցով։ Բայց մենք ոչ միայն դիտում ենք, այլև տեսնում՝ ընկալելով շրջակա միջավայրը ինչպես ֆիզիկական, այնպես էլ որպես հոգևոր տիրույթ։ Իզուր չէ ասված՝ «աչքերը հոգու հայելին են»։

Բոլոր մարդկանց աչքերը յուրահատուկ են։ Մեկինը փայլուն է և պայծառ, մյուսինը՝ մութ կամ քնկոտ։ Չնայած այս տարբերությանը՝ ապացուցված է, որ մարդն ունակ է հայացքով ազդել այլ մարդկանց վրա։ Եվ մենք հաճախ ենք լսում, երբ ինչ-որ մեկի մասին պատմում են. «Նա ինձ այնպես նայեց, որ մարմնովս նույնիսկ դող անցավ»։

Հայացքով կարելի է փաղաքշել, վիրավորել կամ ուղղակի նյարդայնացնել։  Կա տեսակետ, որ աչքերից արտանետվող լույսը նյութական է, այդ իսկ պատճառով կա նաև «հայացքի ուժը» հասկացությունը։

Որոշ մարդկան հայացքին դիմանալն ուղղակի անհնար է։ Այդպիսին էր, օրինակ, Գրիգորիյ Ռասպուտինը։ Նրան բոլոր ճանաչողները պատմում էին աչքերի ապշեցուցիչ հատկության մասին։ Ռասպուտինին երկար նայողների մոտ զգացողություն էր առաջանում, որ կարելի էր այդ աչքերի մեջ «սուզվել»՝ սեփական «Ես»-ը կորցնելով։ Նրա աչքերին երկար նայելն անհնար էր, մարդիկ անմիջապես շփոթվում էին և թեքում հայացքը։

 

Նման շնորհով էր օժտված նաև Իոսիֆ Ստալինը, ում հետ անմիջական շփում ունեցողները վերջինիս հայացքը բնորոշում էին որպես «օձային»։ Հենց այդպես էր առաջնորդը նայում մարդկանց՝ փորձելով հասկանալ նրանց ներաշխարհը։ Միևնույն ժամանակ՝ երկրի սարսափազդու ղեկավարը չէր հանդուրժում, երբ զրուցակիցը թեքում էր հայացքը։ Դա որակվում էր որպես կեղծիքի և մութ մտքերի ապացույց։

Նշենք նաև այն հետաքրքիր զգացողության մասին. երբ զգում ես քեզ ուղղված որևէ մեկի հայացքը՝ չտեսնելով այն։ Մարմնի վրա տարօրինակ այդ ծանրության զգացողություն, որն անկասկած զգացել ենք բոլորս, անչափ դժվար է բառերով ներկայացնել։

Ամերիկացի գիտնականները որոշել են փորձարկման եղանակով պարզել ուրիշի՝ քեզ ուղղված հայացքը զգալու՝ կենցաղում հաճախակի հանդիպող երևույթը։ Փորձը կատարվել է շատ պարզ սկզբունքով. փորձարկվողը նստում էր սենյակի կենտրոնում, իսկ մյուսը պետք է որոշակի ժամանակահատվածում ակնդետ նայեր նրան, և փորձարկվողը պետք է հայացքն զգալու դեպքում անմիջապես բարձրաձայներ այդ մասին։

Փորձին մասնակցեցին 100 կամավոր, իսկ արդյունքները պարզապես ապշեցուցիչ են։ 95% դեպքերում մարդիկ զգացին իրենց ուղղված հայացքը։ Միաժամանակ այդ մարդիկ թեթև ճնշում զգացին իրենց ծոծրակին՝ կարծես թույլ քամի էր փչում։

Այս երևույթը, սակայն, ամենազարմանալին չէ հայացքի հետ կապված։ 19-րդ դարի կեսերին Պալերմոյում՝ Սիցիլիայում ապրում էր մի մարդ, ով ունակ էր հայացքով սպանելու դիմացինին։ Բավական էր միայն, որ նա ակնդետ նայեր մեկին, ով դրանից հետո հյուծվում էր ժամ առ ժամ։ Հենց այս պատճառով այս հայացքի տերը երբեք չէր օգտվում հայելուց։

Այս «աքիլեսյան գարշապարից» էլ օգտվեցին տեղի բնակիչները, ովքեր օրերից մի օր բռնեցին այդ սարսափելի մարդուն, ծածկեցին դեմքը պարկով և տեղափոխեցին նախապես հայելիներով ծածկված մի սենյակ։ Նրանք արագ հեռացան՝ միայնակ թողնելով դաժան «մարդասպանին», ով մահացավ սեփական հայացքից։

Անչափ վտանգավոր է նաև այն մարդու հայացքը, ով գտնվում է ծայրահեղ կրիտիկական-զգացմունքային իրավիճակում։ Այդ մասին գիտեին դեռևս վաղնջական ժամանակներից, երբ մահապատժի դատապարտվածների աչքերն անպայման կապում էին՝ վճռի իրականացումից առաջ։ Ուշագրավ է նաև այն փաստը, որ մահապատիժն իրականացնող դահիճները շատ կարճ կյանք էին ունենում՝ հազիվ բոլորելով 40 տարին։

Ասվածի ամենահայտնի ապացույցը ճանաչված դահիճ Ջոն Վուդսն է, ով Նյուրնբերգի գործընթացից հետո անձամբ կախաղան հանեց 10 նացիստական հանցագործներին։ Վուդսը ծնվել էր 1911 թվականին և մահացավ 1950-ին։ Փաստերն առավել քան խոսուն են։

Հայացքի ուժը հիմք է դարձել նաև այնպիսի անցանկալի երևույթի համար, ինչպիսին «չար աչքն» է։ Կա կարծիք, որ «չար աչք» ունեն անիծված մարդիկ, ովքեր վատություն անելով ուրիշներին՝ արժանացել են անեծքի, որը փոխանցվում է սերնդեսերունդ։ Չար աչքը առավել արագ է ազդում մանուկների վրա։

Ըստ նույն կարծիքի՝ Սատանայի «կնիքը» կրող մարդիկ կարող են դժբախտություն պատճառել ուրիշներին նույնիսկ ակամա, քանի որ նրանց հայացքը ճառագում է անհասկանալի ուժ, որը քայքայում է դիմացինի աուրան՝ պատճառելով հոգեկան անդառնալի վնասներ։ «Աչքով տալու» ունակ մարդիկ, որպես կանոն, ունենում են խոշոր, մուգ աչքեր և ընդգծված անթարթ հայացք։ Ռուսաստանում երկար տարիներ համոզված էին, որ «չար աչքը» բնորոշ է միայն աղքատներին, այդ իսկ պատճառով հարուստներն առատորեն օգնություն էին տալիս նրանց ոչ թե կարեկցանքից ելնելով, այլ սեփական ճակատագրի մասին մտահոգվելով։

Իսկ ինչպե՞ս է բացատրվում «հայացքի ուժը» գիտության կողմից։ Սովետական գիտնական Բեռնարդ Կաժինսկին (1890-1962) երկար տարիներ ուսումնասիրել է բիոլոգիական ռադիոկապերն ու տելեպատիան։ Նա առաջ է քաշել մի հիփոթեզ, ըստ որի՝ մարդու աչքերը ոչ միայն տեսնում են, այլև միաժամանակ հաղորդում յուրահատուկ էլեկտրամագնիսական ճառագայթներ։ Հենց դրանք են զգում շրջապատի մարդիկ։ Այդ ալիքներն առաջանում են աչքի ցանցաթաղանթում։

Նմանատիպ տեսության կողմնակից էր նաև ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոնալդ Ռոսսը (1857-1932)։ Նա նույնիսկ փորձով է ապացուցել այս տեսակետը։ Հորիզոնական կապված մետաքսե բարակ թելի վրա նա տեղադրել է փոքրիկ մետաղական պարույր, որին պետք է անթարթ հայացքով նայեր փորձարկողը։ Այնուհետև նա աստիճանաբար թեքում էր գլուխը՝ հայացքը չկտրելով մետաղից։ Միևնույն պահին մետաղական թեթև պարույրը թեքվում էր գլխի ուղղությամբ։ Այդպիսով նա ապացուցեց, որ պարույրի և հայացքի մեջ հստակ կապ կա։

Այսպիսով, կարող ենք համոզվել, որ աչքը կարող է առաջացնել և արձակել որոշակի էլեկտրամագնիսական ճառագայթներ։ Ընդ որում, որոշ մարդիկ արձակում են առեղծվածային լուսային ճառագայթներ, որոնք օժտված են մեծ էներգիայով։ Հավանաբար հենց դրանով է պայմանավորված հայացքի ուժը, որի մասին թեև մարդկությունը գիտի Երկիր մոլորակում հայտնվելու առաջին իսկ օրվանից, սակայն մինչ օրս չի կարողանում լիակատար հստակությամբ բացատրել այդ առեղծվածը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել