Շատ հայ գիտնականներ ու գյուտարարներ են եղել ու կան՝ սկսած Վիկտոր Համբարձումյանից ու Ալիխանյան եղբայրներից, վերջացրած Գաբրիել Կազանչյանով (մազերի չորացուցիչի գյուտ), Լյութեր Սիմիջյանով (բանկոմատի գյուտ), Օսկար Բենկեր—Սարաֆյանով (ավտոմեքենաների ավտոմատ փոխանցման տուփի գյուտ) ու Ռեյմոնդ Դամադյանով (միջուկային մագնետիկ ռեզոնանսի սկզբունքով գործող սկաները, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից առողջապահությունը` ախտորոշումից մինչև բուժում):

Սակայն կարծես մոռացության է մատնվել մեկ այլ մեծանուն գյուտարար, պրոֆեսոր Ալեքսանդր Մերժանովը, ԽՍՀՄ գիտնական, ով բազմաթիվ հայտնագործություններ ունի կրակի և պայթյունի ոլորտում: Նրա առավել հայտնի գյուտը կոչվում է «ինքնատարածվող բարձր ջերմաստիճանի սինթեզ» (Самораспространяющийся высокотемпературный синтез (СВС), (Self-propagating high temperature synthesis (SHS)), որն այլ կերպ անվանվում է «կարծր կրակ»:

1967 թ ԽՍՀՄ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում Մերժանովն իր ընկերների հետ տիտանի ու բորի փոշեխառնուրդից ստանում է ձուլվածք՝ առանց հատուկ վառարանի օգնության: Ընդամենը հաշված րոպեների ընթացքում էլեկտրական օղալարով մետաղների փոշեխառնուրդի հաբից նրանք կարողացան ստանալ այն, ինչի համար մինչ այդ երկար ժամանակ էին ծախսում: «Կարծր կրակի» խառնուրդում առաջանում է մինչև 4000 աստիճան ջերմություն, ստացվող ձուլվածքն ինքնամաքրվում է: Գյուտից հետո մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին արտադրությամբ զբաղվողները, քանի որ հնարավոր էր դարձել ձուլվածքներ ստանալ առանց ամենաբարդ ու թանկ միջոցների՝ բարձր ջերմաստիճանի վառարանների: Միայն Պոլտավա քաղաքի արհեստական ալմաստների գործարանն այդ ընթացքում խնայեց միլիոնավոր ռուբլիներ:

Այսպիսով, շնորհիվ այդ գյուտի՝ հնարավոր եղավ առանց հսկայական էներգիա ծախսելու ստանալ համապատասխան ձուլվածքը հաշված րոպեների ընթացքում և տնտեսել հսկայական միջոցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել