Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում 2015թ. հուլիսի 29-ին մահացած 26-ամյա Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան մեջ հարազատները մեղադրում են «Շենգավիթ» ԲԿ-ի բուժանձնակազմին, մասնավորապես Շուշանիկ Բախշյանին, ով 4 օր շարունակ հրաժարվել է հոսպիտալացնել բարձր ջերմություն ունեցող հղիին:

Մարտին Մարգարյանի` Մերիի եղբոր խոսքերով` քույրը հուլիսի 23-ից բարձր ջերմություն է ունեցել, գնացել են «Շենգավիթ» ԲԿ, որտեղ նա հաշվառված է եղել, սակայն բժշկուհին՝ Շուշանիկ Բախշյանը, կատակել է և նրանց բոլորին տուն ուղարկել:

«Շուշանիկն ասաց՝ мамочки на выход, ու մայրիկիս և Մերիի սկեսուրին դուրս հրավիրեց սենյակից: Հետո էլ մեզի և արյան անալիզներ վերցրին, ասացին՝ նորմալ ա, տարեք տուն, պարացետամոլ տվեք, կանցնի: Եկանք տուն, նորից ջերմությունը բարձրացավ, ուրբաթ օրը գնացինք, էլի նույն բաներն ասաց ու տուն ուղարկեց: Շաբաթ օրը նորից ենք տարել քրոջս, Շուշանիկը նույնիսկ չեկավ, ասաց՝ հանգստացեք ու տուն գնացեք»,– պատմում է Մարտին Մարգարյանը:

Հարազատները Մերիին տուն են բերել, սակայն հաջորդ օրը նրա ջերմությունը նորից բարձրացել է 39,5: Մարտինի պատմելով՝ այդ օրը Շուշանիկ Բախշյանը հրաժարվել է գալ և զննել հիվանդին՝ հորդորելով «պանիկա չանել», տուն գնալ և ջերմիջեցնող ընդունել. «Ես եմ ստիպել, որ քրոջս պառկացնեն, մորս էլ չէին թողնում, որ մնար, մի կերպ ենք համոզել: Եկանք տուն, առավոտ 6-ին մամաս զանգեց՝ հասեք, Մերին լավ չի: Գնացինք, պարզվեց, որ ժամը 3-ի կողմերը Մերիի ջերմությունն իջել է 35,1, սակայն հերթապահ բժիշկն ասել է՝ «տաք չայ տվեք, կանցնի»։ Արագ զանգել ենք Շուշանիկին, բայց նա «Porsche Cayenne»-ով ժամանեց միայն ժամը 9-ին: Այս ընթացքում էլ քուրիկս բոլորին սենյակից հանեց, նայեց աչքերիս ու նվաղած ձայնով մի կերպ ասաց՝ «Ապեր, փրկիր, մեռնում եմ»: Բայց...

Ինչպես և նախորդ օրերին, բժշկուհի Շուշանիկ Բախշյանը նորից բոլորին հորդորել է հանգստանալ, նորից զննել է Մերիին և հայտարարել, թե լուրջ բան չկա: Ժամը 11:00-ի սահմաններում Մերի Մարգարյանի վիճակն ավելի է վատացել, «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկները խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց, որովհետև իրենց մոտ նեյրովիրաբուժական բաժանմունք չկա:

«Ասացին՝ գլխի հետ կապված խնդիր է առաջացել, հիմա նյարդաբան ենք հրավիրում, որը 40 րոպեից եկավ ու ասաց, որ տեղափոխենք այնպիսի հիվանդանոց, որտեղ նեյրովիրաբուժական բաժանմունք կա: Արագ «Շտապօգնություն» ենք կանչել ու տարել ենք «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ անմիջապես կեսարյան հատում են արել և երեխային հանել, բայց Մերիս այդպես էլ չարթնացավ»,- շարունակեց Մարտին Մարգարյանը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում են մահացած ծննդկանի հարազատները իմացել, որ Մերին երկկողմանի թոքաբորբ ունի, մինչդեռ «Շենգավիթ» ԲԿ-ում վերջին օրերին մի քանի անգամ թոքերը ստուգել են, սակայն ոչինչ չեն հայտնաբերել: Եղբոր խոսքով՝ Մերիի մահվան միակ մեղավորը Շուշանիկ Բախշյանն է՝ իր անտարբերությամբ և գիտելիքների պակասով:

«Շուշանիկ խարդախը բոլորին ասում է, թե իր ամուսինը պետական պաշտոնյա է, իրեն գումար հարկավոր չէ, աշխատելով բարեգործություն է անում միայն: Բացի դրանից՝ քրոջս մահվան մեջ մեղավոր են նաև կիրակի օրվա հերթապահ բժիշկը, որը քրոջս ջերմությունը 39,5-ից իջեցնում է 35,1, հետո ասում՝ տաք թեյ խմացրեք, կանցնի: Իսկ երկար, շեկ մազերով մի բժշկուհի էլ ասում է՝ անալիզները նորմայի մեջ են, բայց ջերմության պատճառը չգիտենք»:

Մերի Մարգարյանի հարազատները մտադիր են մինչև վերջ պայքարել, որ արդարությունը հաղթի, և մեղավորները պատժվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել