Tert.am-ը գրում է.

Քաղաքացիական հասարակությունը պետք է հասնի նրան, որ թելադրի քաղաքական օրակարգ։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում քաղաքացիական հասարակության աննախադեպ ակտիվությանը։

«Քաղաքացիական հասարակությունը պետք է կարողանա պատվիրել քաղաքական օրակարգը։ Պետք է հասնի նրան, որ ստեղծի հիմնադրամներ ու կազմակերպություններ, որոնք տարբեր սոցիալական խնդիրներ կլուծեն, հարցեր կբարձրացնեն։ 2008-ից հետո ունեցել ենք մի քանի դեպքեր՝ Մաշտոցի պուրակ, տրանսպորտի հարյուր դրամ և այլն, որ հաջողություն են ունեցել։ Ունենք հաջող ու անհաջող փորձեր, բայց ուրախ եմ, որ նոր սերունդը կարողանում է հարցեր բարձրացնել։ Այն ինչ եղավ հունիսին Բաղրամյանում, հաղթանակ էր, քանի որ կարողացան արթնացնել պետական մարմիններին, ստիպել, որ աշխատեն, լուծումներ փնտրեն»,- ասաց նա։

Թևան Պողոսյանն ընդգծեց, որ քաղաքացիական հասարակության կարևոր գործառույթներից է՝ թույլ չտալ, որ պետական մարմինները քնեն։

«Հանրությունը չի անջատվում կամ ակտիվանում ընտրությունից ընտրություն, դու մշտապես պետք է մասնակցես որոշումների ընդունման գործընթացին։ Հույս ունեմ, որ ապագայում ևս նոր սերունդը նույնկերպ կշարունակի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին, ապա Թևան Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ խնդիրը ոչ թե քաղաքացիական, այլ քաղաքական է։

«Երբ ասում են՝ «Ոչ թալանին», ապա միանշանակ խնդիրը քաղաքական է դառնում, որովհետև մենք դժգոհություն ենք հայտնում ողջ համակարգի դեմ, երբ ասեին՝ «Ոչ 7 դրամին» գուցե սոցիալական լիներ։ Վստահ եմ, որ երիտասարդները ճիշտ քայլ են արել դնելով ոչ միայն 7 դրամի խնդիր, այլ ողջ համակարգի առողջացման»,- ասաց ա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել