Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում Արցախի արտաքին և անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանն անդրադարձել է տարածաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններին, նշելով, որ նրանց ակտիվության հնարավոր պատճառներից մեկը Իրանի շուրջ փոփոխվող աշխարհաքաղաքականությունն է:

-Պարո՛ն Մայիլյան, ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված հատկապես այս օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվությունը տարածաշրջանում:

-Կարծում եմ՝ հնարավոր է 2 հիմնական պատճառ։ Առաջին, համանախագահները փորձեցին կանխել հակամարտության գոտում լարվածության հնարավոր էսկալացիան Բաքվում ավարտված Եվրոպական խաղերից հետո։ Վերջերս ադրբեջանական կողմը վերսկսել է հրադադարի ռեժիմի խախտումը, այդ թվում՝ կիրառելով խոշոր տրամաչափի հրազեն և ականանետներ։ Խաղերի ընթացքում Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված էին դրանք կայունության պայմաններում անցկացնելու հարցում, և այդ պատճառով էլ սահմանափակել էին իրենց սադրիչ գործողությունները։ Այժմ այլևս ոչ ոք չի կասկածում, որ հենց ադրբեջանական կողմն է հանդես եկել և շարունակում հանդես գալ որպես Արցախի և Ադրբեջանի, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ստեղծման նախաձեռնող։

Երկրորդ հնարավոր պատճառն Իրանի շուրջ փոփոխվող աշխարհաքաղաքականությունն է։ Իրանի Իսլամական Հանրապետությունը միակ երկիրն է, որն ունի ընդհանուր պետական սահման ղարաբաղյան հակամարտության բոլոր 3 կողմերի հետ, և միջազգային մեկուսացումից ելքը թույլ կտա Իրանին մեծ դեր խաղալ տարածաշրջանային տնտեսության և քաղաքականության մեջ։

-Ձեր գնահատմամբ սահմանային միջադեպերին միջազգային հանրությունն ադեկվա՞տ է արձագանքում:

-Վերջին խախտումների հետ կապված չի եղել միջազգային բուռն արձագանք։ Հակամարտության գոտում լարվածության աճի մասին նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ 2015թ. հուլիսի 23-ի մամուլի հաղորդագրության մեջ։ Միջնորդները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ձեռնարկել հրադադարի ռեժիմի խիստ պահպանմանն ուղղված բոլոր միջոցները։ Մենք հասկանում ենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չունեն արբիտրաժային գործառույթ, սակայն, այնուամենայնիվ, միջնորդների փորձերը՝ հրադադարի ռեժիմը բացահայտ խախտողի՝ Ադրբեջանի և հայկական կողմերի միջև հավասարության նշան դնելու առումով, չեն նպաստում սահմաններին իրավիճակի կարգավորմանը։

-Այս օրերին հակառակորդը սահմանին նախահարձակ գործողությունները հաճախակիացրել է: Հնարավոր համարո՞ւմ եք, որ նախորդ տարվա օգոստոսյան սցենարը կկրկնվի:

-Դատելով ադրբեջանական կողմի գործողություններից՝ մեր հակառակորդները դեռևս չեն հրաժարվել իրենց՝ արհեստականորեն լարվածությունը սրելու և ռազմական շանտաժի անհեռանկար քաղաքականությունից։ Այդ պատճառով էլ չի կարելի բացառել իրավիճակի հետագա սրումը, սակայն, առանց որևէ կասկածի, Արցախի և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն ի վիճակի են կանխել ադրբեջանական զինված խմբավորումների հնարավոր ագրեսիվ գործողությունները, և դրա համար մեր զորքերն ունեն բավականաչափ փորձ և ներուժ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել