Tert.am-ը գրում է.

Հռչակավոր կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Հիշեք» (Remember) ֆիլմը կներկայացվի այս տարվա Վենետիկի միջազգային կինոփառատոնին:

The Hollywood Reporter-ը հայտնում է, որ Էգոյանի ֆիլմը ներկայացված է փառատոնի մրցութային ծրագրում` 2 տասնյակ այլ ֆիլմերի շարքում, այդ թվում` այնպիսի ռեժիսորներից, ինչպիսիք են Ալեքսանդր Սոկուրովը, Եժի Սկոլիմովսկին, Ամոս Գիտայը, Մարկո Բելոկիոն և այլք:

Վենետիկի կինոփառատոնը, որը համարվում է աշխարհի ամենահին առաջատար կինոփառատոնը, այս տարի անց է կացվելու 72-րդ անգամ սեպտեմբերի 2-ից - 12-ը: Փառատոնն այս տարի աստղաշատ է լինելու` Քրիստեն Ստյուարտի, Մայքլ Քիթոնի, Թիլդա Սուինթոնի, Ռալֆ Ֆայնսի, Դակոտա Ջոնսոնի և այլոց մասնակցությամբ:

Ընդհանուր առմամբ ակնկալվում է 55 ֆիլմի ցուցադրություն` ինչպես նոր, այնպես էլ հայտնի ռեժիսորներից:

Հայտնի է, որ Էգոյանի նոր ֆիլմը հրեաների ցեղասպանության թեմայով է: Ֆիլմը մասնավորապես պատմում է Հոլոքոստից ողջ մնացած հրեայի մասին, որը Ալցհայմերի հիվանդություն ունի: Գլխավոր դերում է Քրիստոֆեր Փլամերը:

Հիշողության խնդիրներով գլխավոր հերոսը պարզում է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում իր ընտանիքին սպանած նացիստների ինքնությունը: Փրկված հրեան մարդասպանին ոչնչացնելու առաքելություն է ստանձնում, սակայն Ալցհայմերի հիվանդության պատճառով անընդհատ մոռանում է, թե ինչու է ցանկանում սպանել տվյալ մարդուն:

Էգոյանը մանրամասնել է, որ տեսարաններից մեկում հերոսը արթնանում է հյուրանոցում` կողքին` զենք, սակայն չի կարողանում հիշել` ինչու է այդպես:

13 տարի առաջ Էգոյանը ներկայացրել էր Հայոց ցեղասպանության թեմայով իր «Արարատ» ֆիլմը: Ըստ Էգոյանի` «Արարատը» իրականում ցեղասպանություն տեսած մարդկանց տրավմայի մասին է, որ փոխանցվում է սերնդեսերունդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել