Tert.am-ը գրում է.

Ընտանիքով Ռուսաստանից ԼՂՀ Շուշի քաղաք տեղափոխված ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը ռուսական «ՎԿոնտեակտե» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելով՝ Ադրբեջանը դե յուրե ճանաչել է ԼՂՀ-ի անկախությունը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի օրենսդրությամբ այդ երկրում հանցագործություն կատարած անձի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվել կարող է միայն այն դեպքում, եթե տվյալ անձը գտնվում է երկրից դուրս, տեղեկացնում է «Արմենպրեսս»–ը:  

Ռուս գործարարը նշել է, որ Ադրբեջանը, որը երկու տասնյակից ավելի տարիներ ԼՂՀ-ն չի ճանաչել անկախ պետություն, որին դժվար է բացահայտ հայտարարել, որ Արցախն Ադրբեջանի տարածք չէ, այժմ փաստացի անկախ ԼՂՀ-ի նկատմամբ նկրտումներից հրապարակորեն հրաժարվելու ավելի քաղաքավարի, բայց իրավաբանորեն անբասիր ձեւ է գտել:

«Ադրբեջանի օրենսդրությունն իր տարածքում հանցագործություն կատարած անձի նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում նախատեսում է միայն այն դեպքում, երբ «հանցագործը» գտնվում է «Ադրբեջանի տարածքից դուրս»: Այսպիսով, Ադրբեջանը հրապարակորեն միջազգային մակարդակով ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք չէ»,- գրել է Ստերլիգովը:

Միաժամանակ նա ողջույններ է փոխանցել Ադրբեջանի ղեկավարությանը` գոհունակություն հայտնելով առ այն, որ իր «համեստ անձն իրավաբանական առիթ է դարձել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու, ինչպես նաեւ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու համար»:

Հուլիսի 22-ին հայտնի է դարձել, որ նրա` «Ղարաբաղը վաղնջական հայկական հող է» խոսքից հետո Ադրբեջանում Ստերլիգովի դեմ երկու հոդվածներով քրեական գործ է հարուցվել:

«ՎԿոնտակտե» սոցցանցի իր պաշտոնական էջում մեկնաբանելով Ադրբեջանում իր դեմ քրեական գործ հարուցվելու մասին լուրը, Ստերլիգովը նշել էր, որ այդպես է ադրբեջանական կողմն արձագանքել ռուսաստանցի, հայ եւ ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ խաղաղ կլոր սեղան անցկացնելու մասին իր առաջարկին:

«Նշանակում է` վախենում են պատմականորեն Ղարաբաղի պատկանելության մասին թեմայի փաստերով բաց քննարկումից: Հայերը չեն վախենումբաց քննարկումից, ռուսները չեն վախենում: Իսկ ադրբեջանցիների մոտ հիստերիա եւ սպառանալիքներ են: Ի՞նչ կարող է դա նշանակել»,- նշել էր նա:

 Հունիսի սկզբից կնոջ եւ 5 երեխաների հետ Շուշիում բնակություն հաստատած Ստերլիգովը դիմել էր ադրբեջանցիներին, «որպեսզի եւս մեկ անգամ հրապարակորեն հաստատվի անվիճելի եւ բացարձակ պատմական ճշմարտությունը. Ղարաբաղը վաղնջական հայկական հող է»:

«Առանց բացառության, բոլոր հնամյա տարեգրությունները, պահպանված քարտեզները, հին գերեզմանոցները եւ գերեզմանները խոսում են այն մասին, որ Ղարաբաղը հնամենի հայկական հողերի մաս է»,- հայտարարել էր Ստերլիգովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել