Հիմա գրանտների և հատկապես այն ստացողների մասին այնպես են խոսում, ինչպես կաշառքի և այն ստացողների: Այսինքն՝ գրանտակերությունը կաշառակերությանը հավասար տղա է, երկուսն էլ ընդ որում` փողոցի խուժանին հավասար տղա: Իրականում գրանտը, հետևաբար այն ուտելն ամենևին էլ սրբապիղծ բան չէ: Բանն այն է, որ գրանտը գոնե իմ ընկալմամբ ֆինանսական այն միջոցներն են, որոնք գրանտ ստացողը ստանում է գրանտատուից` վերջինիս (կամ համատեղ, ընդհանուր) ինչ-որ կոնկրետ ծրագրի կամ ծրագրերի փաթեթի իրականացման համար, հաճախ էլ` դիմաց: Այսինքն, եթե դուք ուզում եք ձեր դիմացի կանաչ տարածության տեղում ձմերուկի արտ ցանել, բայց բավարար գումար չունեք, դուք կարող եք գտնել ինչ-որ մեկին, ով ցանկանում է ձմերուկի գործ անել (կամ անում է), և ով նաև գումար ունի, նրանից գրանտ վերցնել ձեր գործի համար: Ճիշտ է՝ կոնկրետ այս պարագայում Արևմուտքից դժվար թե ձեզ գրանտ տան, կտային, եթե դուք ձեր դիմացի ձմերուկի արտի փոխարեն որոշեիք կանաչ տարածություն ցանել, ինչևէ, կարևորը գրանտի էությունն է, ինչը հասկացանք: Իհարկե, լինում են այնպիսի գրանտատուներ, ովքեր փող են տալիս (գրանտ), որպեսզի տվյալ միջավայրում տեղի ունենան տվյալ միջավայրին ոչ ցանկալի բաներ: Ենթադրենք՝ Ռենատո Ալֆոնսյանը Կանադայի կառավարությունից գրանտ է ստանում` Հայաստանում «Կապույտ տնակ» հիմնելու նպատակով: Բայց եթե անգամ Հայաստանում նման բաներ չեն ընդունում, դա չի նշանակում, որ Ռենատոյի ստացած գրանտը վատ բան է, նպատակը` գուցե: Այսինքն՝ անգամ եթե գրանտը վատ նպատակ ունի, բուն գրանտը վատ բան չէ, քանի որ այն նպատակին հասնելու միջոց է, ոչինչ ավելին:

Ինչ վերաբերում է կաշառքին, ապա սա, ինչպես գիտենք, այն գումարն է, որը, որպես կանոն, ստանում է պաշտոնյան կաշառատուի ինչ-որ խնդիրը լուծելու դիմաց կամ համար: Ասենք՝ նույն ձմերուկի արտի հետ կապված՝ այն ցանողը նախքան գարնանացան սկսելը հնարավոր է գնա քաղաքապետարան և համապատասխան պաշտոնյային իր գրանտային միջոցներից գումար առաջարկի, որպեսզի ստանա ձմերուկ ցանելու թույլտվություն: Սա կոչվում է կաշառք, իսկ տվյալ պարագայում կաշառք ստացածը, բացի կաշառակերից նաև գրանտակեր (քանի որ ստացված գրանտից ինքը բառիս բուն իմաստով կերավ):

Կնշանակի՝ կառաշքը և գրանտն ուղիղ կապ ունեն միմյանց հետ: Եվ հենց այստեղ առաջանում է հիմնական հարցը. լա՞վ բան է արդյոք գրանտակերությունը և կաշառակերությունը: Եթե նորից դառնանք ձմերուկի գործին, ապա գրանտակերություն այստեղ կլինի, եթե գրանտ ստացածը (ենթադրենք 10 հազար դոլար) 9800-ով ընտանիքի հետ գնա Աստրախան հանգստանալու (համ էլ ձմերուկի սերմ բերելու), 100 դոլարը տա քաղաքապետարանին` կաշառք, իսկ 100 դոլարով էլ գործ սկսի: Ինչպես տեսնում ենք, սա այնքան էլ վատ բան չէ, քանի որ գրանտ ստանալու նպատակը լուծվեց. գործը սկսվեց: Ինչ վերաբերում է կաշառակերությանը, ապա քաղաքապետարանի տվյալ պաշտոնյան, ով 100 դոլար է վերցնում կաշառատուից, փոխարենը տալիս է նրան գործ սկսելու թույլտվություն, իսկ եթե կաշառատուն իր գործի համար նաև երեք-չորս կանայք վարձի, որպեսզի ցանքն անեն, ապա նաև աշխատատեղ է բացում: Կնշանակի՝ կաշառք ստանալն էր, ըստ տվյալ օրինակի, վատ բան չէ, ավելին` նպաստում է Հայաստանի տնտեսական վերելքին:

Բայց այս ամենն իհարկե կատակով: Եթե լրջանանք, ապա գրանտ ստանալու հարցում կարևորը ոչ թե նպատակն է, ոչ թե գումարի չափը, ոչ թե գրանտ ստացողի մազերի երկարությունը (եթե տղամարդ է), այլ պատճառը: Ինչո՞ւ են մարդիկ գրանտ ստանում և ձգտում ստանալ: Գուցե նրանք ցանկանում են գործ անել և գումար և հնարավորություն չունե՞ն, իսկ գումար չունեն, որովհետև ողջ գումարը կոռուպցիոն շրջանառության մե՞ջ է... Գուցե մարդիկ գրանտ են վերցնում, քանի որ առաջ շարժվելու գումար չունե՞ն, չեն թողել և չե՞ն տալիս... Գուցե: Ամեն դեպքում դուք կարող եք ընտրել, թե որն է ավելի ճիշտ տարբերակ` կատակով ասվա՞ծը, թե՞ լուրջը: Իսկ ես ուղղակի կհարցնեմ` ուտելու գրանտ կա՞...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել