Նաիրիտի խնդիրը շատ լուրջ ու ցավոտ հարց է, և Նաիրիտի ղեկավարությունը պետք է պատասխան տա, թե ինչպես ստացվեց, որ ինքնարժեքը դարձավ 6000-6500 ԱՄՆ դոլար, իսկ իրենք վաճառեցին արտադրանքը 2500-2800 դոլարով: Նման բան չի կարող լինել, որ տեսնես նման թվեր ու շարունակես արտադրությունը, այս թվերը միանշանակ կարելի է կասկածի տակ դնել, չէ՞ որ ոչ մի ողջամիտ մարդ չի կարող նման ձևով արտադրություն կազմակերպել: Վաճառքի գինը պարզ է` դրանք միջազգային գներ են, իսկ ինքնարժեքն ունի բազմաթիվ մութ կողմեր, որոնք պետք է բացահայտվեն: Նաիրիտն այս վիճակին հասցնելու համար կա երկու տարբերակ`
1. տնօրեններն անգործության են մատնված եղել, և ոչ ոքի հետաքրքիր չի եղել, թե ինչ է կատարվում իրենց տնտեսությունում։
2. արտադրանքի ինքնարժեքի մեջ կան մեծ թվով «ատկատներ»։
Ահա գլխավոր խնդիրները, թե ինչու է Նաիրիտը գտնվում այս վիճակում, հիմա շատերը կարող են ասել, որ ինքնարժեքը և վաճառքի գինը փաստացի կա, և ոչ մի մութ կողմեր չեն պարունակում այդ հաշվարկներն իրենց մեջ, բայց այստեղ ուշադրություն պետք է դարձնենք Նաիրիտի վարկավորման վրա, չէ՞ որ տարիներ առաջ ֆինանսական մեծ գումարներ են ներգրավվել, և ոչ բարեխիղճ օգտագործման արդյունքում այսօր Նաիրիտը փաստացի գնում է սնանկացման:
Այժմ եկեք վերլուծենք, թե ինչպես եղավ, որ Նաիրիտը ժամանակին ֆինանսական միջոցներ ներգրավեց և փոշիացրեց`
1. հիմնադիրների կողմից ներդրում եղավ
2. ֆինանսական կազմակերպությունից վարկ ստացան։
Երկու տարբերակներում էլ տնօրինության կողմից բիզնես-ծրագիր է ներկայացվել, որտեղ և եղել է արտադրանքի ինքնարժեքը և կանխատեսվող վաճառքի գինը: Եվ ի՞նչ եք կարծում՝ հիմնադիրը կամ ֆինանսական կազմակերպությունը որ տեսնեին՝ արտադրանքի ինքնարժեքը մոտ երկու անգամ գերազանցում է վաճառքի գներին, արդյոք ներդրում կլինե՞ր, իհարկե ոչ: Եվ քանի որ ղեկավար մարմինը շատ լավ տիրապետել է իրավիճակին և ինքնարժեքին, ապա պետք է բացառել, որ նրանց կողմից սեփական միջոցների ներդրում է եղել: Հետևաբար կազմակերպությունը բիզնե- ծրագիր է ներկայացրել ֆինանսական կազմակերպություններին և ֆինանսական միջոցներ է ներգրավել ու հետագայում «մսխել»՝ ցույց տալով, որ ինքնարժեքը գերազանցում է վաճառքի գնին: Ստացվում է այնպես, որ սեփականատերը միլիոնների մեջ լողում է, իսկ Նաիրիտի աշխատողները դառնում են գործազուրկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել