Tert.am-ը գրում է.

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 մլն դոլարի վարկի դիմաց զենք վաճառելուն, նշեց, որ դրանով կպահպանվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև սպառազինության բալանսը, ինչը միշտ փորձում է անել Հայաստանը:

«Մեր նպատակը միշտ եղել է բալանսը պահպանելը և դա պահպանվում է»,- ասաց նա:
 Դիտարկմանը, թե կարծիք կա, որ սա բիզնես ծրագիր է, որից հետո Ադրբեջանը կարող է գնել ավելի մեծ գումարի չափով զենք, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, թե Ադրբեջանը միշտ էլ կարող է գնել զենք ու ցանկացած շուկայում:

«Վերջ ի վերջո մենք պետք է գիտակցենք մի հանգամանք, որ Ադրբեջանն ավելի խելամիտ ձև չի գտել քան մտնել սպառազինությունների վազքի մեջ, որն անհեռանկարային է: Ի վերջո այսօրվա հարաբերակցությունը շատ ավելի բարենպաստ է, քան այն, որ եղել է 1990-ականների սկզբներին, հենց այն ժամանակ, երբ Ադրբեջանն ամեն օր փորձում էր հարձակում ձեռնարկել և նորանոր պարտություններ էր կրում»,– ասաց նա:

Հարցին, թե Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումը կարո՞ղ է որևէ կերպ ազդել ԼՂ գործընթացի վրա, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի իր երկրում չլինեն գրասենյակներ, որոնք հետապնդում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, լրագրողների իրավունքների խնդիրներ:

«Դա հասցրել է նրան, որ Ադրբեջանը միջազգային հանրության համար ընդունվում է իբրև կայացած ավտորիտարիզմի երկիր: Տեսնո՞ւմ եք, թե ինչ քննադատությունների է ենթարկվում: Ներկայումս ԼՂ հակամարտությունն օգտագործում է ռեժիմը պահպանելու համար, որովհետև նրանք այլ բան չեն գտել, քան սրանով շեղել հանրությանը, միավորել իրենց շուրջ»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել