Մի երկու բան կարդացի այսօր, որոնք լիքը մտորումների տեղիք տվեցին։ Ուրեմն, նախ հետաքրքիր մի նյութ էր, որտեղ տնտեսագետն ասում էր, որ հաշվի առնելով մեր ստվերի չափը՝ ստացվում է, որ վերջին 7 տարիների ընթացքում առնվազն 9 միլիարդ դոլար հարկ չի մուծվել բյուջե։ Հետո կարդացի, որ թեև մի շարք ապրանքներ համաշխարհային շուկայում էժանացել են, բայց այդ ապրանքների մենաշնորհը պահպանող օլիգարխները, միևնույն է, թանկացրել են դրանք Հայաստանում, հետևաբար ունեն հավելյալ գերշահույթ, բայց այդքանով հանդերձ՝ այդ օլիգարխներն (խոսվում էր Քեթրինի Միհրանի ու Լֆիկի օրինակներով) ավելի քիչ հարկ են վճարել այս տարի նախորդ տարվա համեմատ։

Ու ես երկու բաներն ի մի բերելով՝ ակամայից հիշեցի օրերս կարդացած մի հոդված, որտեղ ասվում էր, որ այս տարվա բյուջեն չի կատարվում, ու այս պահի դրությամբ 240 միլիոն դոլարի պակասորդ կա։ Հասկանալի է, որ դա պետք է մինչև տարեվերջ մի ձև լրացնեն, իսկ մենք գիտենք, թե ոնց են մերոնք դա անում. փոքր ու միջին բիզնեսի հարկային տեռոր, որից հետո ինչ էլ մնում է՝ կոմպենսացնում են փոխարժեքի կուրսի սպեկուլյացիաներով։ Այլ կերպ ասած՝ ժողովրդին թալանելով։

Դե արի ու մի ատի սրանց այսքանից հետո։ Դուք մի հատ թվերը նայեք ու տարեցտարի ավելացող հանդգնության աստիճանը։ էդ 9 միլիարդն այնպիսի հսկայական թիվ ա, որ կհերիքեր մեր արտաքին պարտքը մարելու համար։ Ամբողջը։ Բայց փոխարենը մեր արտաքին պարտքը միայն աճում ա, դրա ողջ բեռը, ինչպես նաև մնացած բոլոր ծախսերի հիմնական բեռն իրենց ուսերին են կրում հասարակ մարդիկ, իսկ իշխանավորներն ու օլիգարխները մինչև վերջին կաթիլը քամում են այդ մարդկանց։ Այ այսպիսի խանդավառ պատկեր է մեզ մոտ հիմա, իսկ ճտերին դեռ աշնանը պետք է հաշվենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել