Tert.am-ը գրում է.

Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Իրանի նկատմամբ պատժամիջոցների փուլ առ փուլ չեղարկմանը, ասում է, որ անկախության ողջ շրջանում Հայաստանն օբյեկտիվորեն երբեք չի ունեցել իրական անկախության այնպիսի մեծ հնարավորություն, ինչպես այսօր: «Իրանը բացահայտ նշում է այն ուղիները, որոնք բացվում են Հայաստանի առջև, և դա խոսում է այն մասին, որ,  համենայն դեպս, Իրանի կողմից շատ մեծ ցանկություն կա, որպեսզի Հայաստանը մաքսիմալ օգտվի այդ բացվող հնարավորություններից»,- ասում է նա:

-Պարո՛ն Չուգասզյան, Իրանի նկատմամբ պատժամիջոցների փուլ առ փուլ չեղարկումը կոնկրետ Հայաստանի վրա ինչպե՞ս կանդրադառնա, հատկապես ՀՀ-ում Իրանի դեսպանի ակտիվ հայտարարությունների համատեքստում:

-Իրանը բացահայտ նշում է այն ուղիները, որոնք բացվում են Հայաստանի առջև, և դա խոսում է այն մասին, որ, համենայն դեպս, Իրանի կողմից շատ մեծ ցանկություն կա, որպեսզի Հայաստանն առավելագույնս օգտվի այս բացվող հնարավորություններից: Մյուս կողմից էլ Հայաստանի, այսպես ասած, պասիվությունը հուշում է, որ որևիցե լուրջ նախաձեռնություն չկա Հայաստանի
իշխանությունների կողմից, ինչն էլ իր հերթին խոսում է այն մասին, որ ձեռքերը կապված են:

-Իսկ ի՞նչ ռեալ հնարավորություններ կան, որ պետք է հայկական կողմն անի, որը չի անում:

-Սանկցիաները Իրանի նկատմամբ սկսեցին 2000-ականների երկրորդ կեսին, բայց իրականում Իրանը բլոկադայի մեջ էր Հայաստանի անկախության համարյա ողջ շրջանում և ուրեմն կարող ենք ասել, որ անկախության ողջ շրջանում Հայաստանն օբյեկտիվորեն երբեք չի ունեցել իրական անկախության համար այնպիսի մեծ հնարավորություն, ինչպես այսօր: Հայաստան-Իրան տանդեմում Հայաստանը կարող է խաղալ Հոնկոնգի դերը, ինչպես ժամանակին Հոնկոնգն  էր կատարում 70-ականների Չինաստանի համար, երբ վերջինս սկսեց բացվել աշխարհին: Հայաստանն այդ ընթացքում կարող է իր վրա վերցնել  բազմաթիվ գործառույթներ, աշխարհի հետ Իրանի ինտերֆեյսը լինելու համար և ոչ միայն տարանցիկ ճանապարհների իմաստով, այլ համապարփակ տնտեսական գործառույթների ծրագրով, այդ թվում նաև տեխնոլոգիական տրանսֆերի կենտրոն լինելու, ուսումնական կենտրոնի և այլն և այլն: Բայց դա այն դեպքում , երբ լինի Հայաստանի շահերով առաջնորդվող իշխանություն և ոչ թե «Գազպրոմ»-ի գաղութային ադմինիստրացիա:  

-Ասում եք ոչինչ չեն անում, բայց այս համատեքստում որոշակի տեղաշարժեր չե՞ն արդյոք այն, որ Իրանի դեսպանը հայտարարեց, որ Հայաստանը կայցելի Իրանի փոխնախագահը, տարվա վերջում ասաց, որ, հավանաբար, Իրանի նախագահը կգա: ԵՄ խորհրդի նախագահը եղավ Երևանում, նշվեց որ քննարկվել է Իրանի հետ հարաբերությունների մասին. դրանք չե՞ն հուշում, որ այս առումով այդուհանդերձ քայլեր արվում են:

- Ինչ-որ տեղաշարժեր հետաքրքիր չեն, խնդիրը որակական տեղաշարժի մասին է. կարելի է բազմաթիվ քայլեր անել, բայց արդյունքում ոչ մի որակ չփոխվի: Դրա համար անհրաժեշտ է իշխանության սուբյեկտայնություն լինի, այս պահին Հայաստանի սուբյեկտայնության  աստիճանը անկախությունից ի վեր ամենացածր աստիճանի վրա է:

-Իսկ այս լավ հնարավորություններին ընդառաջ չգնալուն, չօգտվելուն ի՞նչը կարող է խանգարել:

-Քաղաքական կամքի բացակայությունն իշխող վերնախավի մոտ: Կամքի նշաններ չեն երևում, երբ որ հայտարարվում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինի կողմից, որ Ւրան-Հայաստան երկաթգիծն ավելորդություն է Հայաստանի համար և միաժամանակ խոսվում է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթգիծ գործարկելու մասին. այդ դեպքում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն առնվազն պետք է հայտարարեր, որ դա հակասում է Հայաստանի շահերին, և բազմաթիվ նման օրինակներ: Էլ չեմ խոսում «Գազպրոմ»-ի հետ պայմանագրի մասին, որը ոչ թե պայմանագիր էր, այլ պարզապես թելադրանք, որը պայմանագիր կոչել չի կարելի: Քաղաքական դիմակայության կամք է պետք:

-Իսկ շահերի հակադարձում տեսնո՞ւմ եք Իրանի ու Ռուսաստանի միջև, չնայած Ռուսաստանից եկող գնահատականները, կարծես, ավելի շատ դրական են, և Ռուսաստանն էլ Իրանի պատժամիջոցների վերացման կողմնակից է՝ գուցե այն պատճառով, որ հետ չմնա գործընթացներից, բայց այդուհանդերձ…

-Ինչպես որ Իրանին հաջողվեց թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի միջև ճիշտ հաշվեկշիռ պահել, և երկուսն էլ փաստորեն շահագրգռված եղան  Իրանից սանկցիաները հանելուն, նույն կերպ Հայաստանը պետք է փորձի այդպիսի դիրք գրավել: Այս դեպքում Արևմուտք-Իրան-Ռուսաստան եռակողմ շահերի համընկնում է տեղի ունենում, և նույնն ձև էլ Հայաստանը պետք է շարժվի:

– Այսինքն` պետք է հստակ նշվե՞ն անելիքները և դրանց մասին հայտարություններ լինեն, կամ ինչ-որ աշխատանքային խումբ ձևավորվի՞:

- Շահերը շատ ակնհայտ են, պետք չէ խմբեր ձևավորել, տեսնելու համար թե Հայաստանն ինչ պետք է անի: Հայաստանը պետք է առավելագույնս կամրջողի դեր կատարի և՛ դեպի Արևմուտք, և՛ դեպի Հյուսիս, իսկ դրա համար, նախևառաջ քաղաքական ձեռնահասություն և կամք է պետք, երկու հատկանիշներն էլ չեն երևում գործող իշխանության մեջ, իսկ լռությունն ու պասիվությունը դրանց բացակայության նշաններ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել