Ողջո՜ւյն, աշխատավարձին «ռոճիկ»,  դրամին էլ «մայեթ» ասող ու «տալիքների» մեջ թաղված հայ միջին վիճակագրական քաղաքացի: Ինչպես խոստացել էի, այսօր որոշել եմ դրականորեն ազդել ձեր տրամադրության վրա: Նախորդ նյութում ներկայացրել էի աշխարհի ամենաթանկ արժույթները դրամի համեմատությամբ ու խոստացել ներկայացնել դրա հակառակ «հիթ-շքերթը»: 

10. SOS
Որտե՞ղ փնտրել երկրներ, որոնց ազգային արժույթն ավելի ցածր արժեք ունի, քան ՀՀ դրամը... Կգուշակե՞ք, թե՞ ասեմ )))) Լավ, չտանջեմ, տասներորդ հորիզոնականում է Սոմալին


 1 սոմալիական շիլլինգ = 0.253 ՀՀ դրամ


9. UGX - Ուգանդա
Այս նախկին բրիտանական գաղութը համարվում է աշխարհում ամենաերիտասարդ բնակչությամբ պետությունը, քանի որ բնակչության միջին տարիքը 14,8 տարեկանն է, սակայն մի՛ շտապեք ճամպրուկների հետևից` Ուգանդայում հաստատվելու ու աշխատելու, քանի որ նախ Ուգանդայում ասֆալտ չկա, երկրորդն էլ այս ցուցանիշի պատճառը կյանքի միջին տևողությունն է, այն է ` 54 տարեկան: Իսկ այ ծնելիության 3.8% ռեկորդային ցուցանիշով Ուգանդան երկրորդն է աշխարհում: Իսկ մեր ինֆլյացիոն հիթ-շքերթում այն իններորդն է:

 

 1 ուգանդական շիլլինգ = 0.156 ՀՀ դրամ

8. KHR Կամբոջա
Այս ասիական բավականին էկզոտիկ երկիրն իր հարուստ բնությամբ ու հնագույն մշակույթով ամենաարագ զարգացող տուրիստական ուղիներից է: Մի ուշագրավ փաստ: Կամբոջայում ֆիքսված ինտերնետ կապի ամսավճարը տատանվում է 100-200 դոլարի սահմաններում: Ու էստեղ հարց է ծագում՝ ինչքա՜ն պիտի աշխատի խեղճ Կամբոջացին, որ կարողանա մտնել իրենց ԲլոգՆյուզն ու արտազատել հոգում կուտակված մաղձը:

 

 1 կամբոջական ռիալ = 0.102 ՀՀ դրամ

7. PYG Պարագվայ
Անցում կատարենք լատինական Ամերիկա, որտեղ բացի կրքոտ պարերից, սուրճի բույրից ու մելամաղձոտ սերիալներից կա նաև մի երկիր, ում ազգային արժույթն ավելի էժան է, քան մեր տեղականը:

 

 1 պարագվայական գուարանի = 0.092 ՀՀ դրամ

6. GNF Գվինեա
Հերթական աֆրիկական երկիրը, որտեղ հերիք չի թուղթ ունեն, մի հատ էլ էդ թղթով դրամ են պատրաստում...

 1 գվինեական ֆրանկ = 0.059 ՀՀ դրամ


5. LAK Լաոս
Հնդկաչին թերակղզում այս կոմունիստական ոճով կառավարվող երկրի ազգային արժույթը բացում է «լավագույն» հնգյակը:

1 լաոսյան ֆրանկ = 0.051 ՀՀ դրամ

4. IDR Ինդոնեզիա
Այս երկիր-կղզիախումբը, որի արտադրած «արդար» յուղով սնվում է ՀՀ քաղաքացին ու նրա գործարաններում հավաքած հեռուստացույցերով դիտում տեղական սերիալային ողբերը, իր ազգային արժույթով զիջում է մեզ:

1 ինդոնեզական ռուփի = 0.043 ՀՀ դրամ


3.  IRR Իրան
Եթե դուք դեռ կարծում եք, որ դրամական միավորի արժեքը կախված է երկրի տնտեսական վիճակից, ապա դուք ճիշտ եք, սակայն ոչ միշտ է այդպես, վառ օրինակ նավթի ու բնական գազի հարուստ պաշարներով Իրանի Իսլամական Հանրապետությունը:


1 իրանական ռեալ = 0.034 ՀՀ դրամ

2.STD Սան Տոմե և Պրինսիպի
Այս հիթ-շքերթը պատրաստելիս անընդհատ մտածում էի` ի՜նչ էի անելու առանց Աֆրիկայի: Ի դեպ, Սան Տոմե և Պրինսիպիի դեմոկրատական հանրապետություը այն եզակի աֆրիկյան պետություններից է, որը կարելի է համարել ազատ ու ժողովրդավարական: Միգուցե այն պարզ պատճառով, որ տեղակայված է կղզու վրա ու հեռու է մայրցամաքից:

1 դոբրա = 0.022 ՀՀ դրամ


1. VND Վիետնամ
Չէ, Հնդկաչինում իրոք գործերը, մեղմ ասած, լավ չեն: Աշխարհի ամենաէժան ազգային դրամական միավոր հիթ-շքերթում համոզիչ հաղթանակ է տանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը:

1 վիետնամական դոնգ = 0.019 ՀՀ դրամ


ՀԳ. Ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ասեմ ավելին՝ այս նյութը պատրաստելիս հետաքրքիր բացահայտումներ արեցի: Մեծ թվով հարուստ տնտեսություններ ունեցող երկրների ազգային արժույթները գրեթե հավասար են մեր դրամին, էնպես որ, եկե՛ք սիրենք մեր ազգային դրամն ու խթանենք նրա արժևորմանը:
Все так и մերն ուրիշ ա ;)

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել