Tert.am-ը գրում է.

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, գիշերային ակումբի սեփականատեր Մհեր Դավթյանը,  նրա ընկեր Կարեն Սևոյանը, աշխատակիցներ Գրիգոր Իսրայելյանը և  Արսեն Գասպարյանը չեն ենթարկվել իշխանության ներկայացուցիչներ՝ ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ-հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ-հետախուզության վարչության բաժնի պետ Ռուսլան Գրիգորյանի, ավագ օպերլիազոր  Ոսկան Աղաջանյանի, օպերլիազորներ Վարազդատ Հայրապետյանի և Դավիթ Մերգերյանի օրինական պահանջներին. տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Վերջիններս գիշերային ակումբ էին այցելել հիշյալ վարչության պետի որոշման հիման վրա՝ ստուգումներ իրականացնելու նպատակով ու պարզել, որ հիշյալ ակումբը գործում է առանց պետական գրանցման և համապատասխան հաշվառման:

Մասնավորապես՝ Կարեն Սևոյանը և Մհեր Դավթյանը վերջինիս կողմից կազմակերպված ձեռնարկատիրական ապօրինի գործունեության համար պատասխանատվությունից խուսափելու և իշխանության ներկայացուցիչների ծառայողական գործունեությունը դադարեցնելու ուղղակի դիտավորությամբ վիճաբանության մեջ են մտել Ռուսլան Գրիգորյանի հետ:  Ակումբի սեփականատերը մուտք գործելով սենյակ և տեսնելով հայտարարություններ տվող ակումբի աշխատակիցներին, նրանց հասցեին հնչեցրել է հոյհոյանքներ, պահանջել է դադարեցնել և հեռանալ, սակայն հայտարարություններ վերցնող օպերլիազորները ներկայացել են, ապա պահանջել, որ դուրս գան և չխոչընդոտեն իրենց լիազորությունների իրականացմանը:

Մհեր Դավթյանը, Կարեն Սևոյանը, Գրիգոր Իսրայելյանը և Արսեն Գասպարյանը չեն ենթարկվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Ռ. Գրիգորյանի օրինական պահանջներին, վիճաբանել են վերջինիս հետ, որի ընթացքում խոչընդոտել են նրանց ծառայողական պարտականությունների կատարմանը, ընդհանուր միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, միասին ծեծի են ենթարկել Ռուսլան Գրիգորյանին, որի ընթացքում, նրա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ձեռքերով և ոտքերով, ապակե շշերով, մոխրամանով ու մետաղյա սկուտեղով հարվածներ են հասցրել Ռուսլան Գրիգորյանի դեմքին և մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Միաժամանակ, Կարեն Սևոյանը և Մհեր Դավթյանը, Վարազդատ Հայրապետյանի նկատմամբ ևս բռնություն են գործադրել և բռունցքներով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Հասկանալով, որ իրավիճակը դուրս է եկել կառավարումից` Ռ. Գրիգորյանը, Վ. Հայրապետյանը, Դ. Մերգերյանը և Ո. Աղաջանյանը, փորձել են դուրս գալ գիշերային ակումբից, սակայն մուտքի դուռը փակ լինելու պատճառով չեն կարողացել: Վերջիններս պահանջել են բացել դուռը, սակայն ակումբի աշխատակիցները չեն կատարել պահանջը: Այս կերպ՝ Կ. Սևոյանը, Մ. Դավթյանը և  Գ. Իսրայելյանը երկու և ավելի անձանց ազատությունից ապօրինի զրկելու ուղղակի դիտավորությամբ տևական ժամանակ չեն բացել ակումբի դուռը՝ զրկելով նրանց ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, և շարունակել են ծեծի ենթարկել Ռուսլան Գրիգորյանին: Միայն այն բանից հետո, երբ տեսել են, որ  Ռ. Գրիգորյանն արնահոսում է, դուռը բացել են, որից հետո ազատությունից ապօրինաբար զրկված իշխանության ներկայացուցիչները դուրս են եկել ակումբից:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մհեր Դավթյանը, առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման, իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն, կազմակերպել է գիշերային ակումբի գործունեությունը, որի հետևանքով պետությանը պատճառվել է զգալի չափի գույքային վնաս:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Մհեր Դավթյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 188-րդ հոդվածի 1-ին մասով, Կարեն Սևոյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի   316-րդ հոդվածի 2-րդ մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Գրիգոր Իսրայելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և Արսեն Գասպարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ձեռնարկատիրական ապօրինի գործունեություն ծավալելու դեպքի  առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել