«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը չի պատկերացնում՝ ինչ է անում: Դավիթ Սանասարյանին անձնապես ճանաչում եմ, բազմիցս տարբեր թեմաներով բանավիճել ենք, ու համոզված եմ՝ այստեղ էլ մեր կարծիքները չեն համընկնի:

Նա և Անդրիասն այսօր հայտարարել են, որ փակելու են Հրապարակի հարակից փողոցները: Հարց. ի՞նչ կտա այդ քայլը «Ոտքի Հայաստանին»: Պատասխանը մեկն է՝ ոստիկանների հետ լարված իրավիճակ ու ոչինչ:

Ոստիկանների հետ տուն-տունիկ երկու օր արդեն խաղում են այնտեղ, բայց բացի կալորիաներ ծախսելուց՝ ես այլ բան չեմ նկատել:

Հիմա անցնենք երկրորդ հարցին: Բաղրամյան պողոտան փակվեց ոչ թե նախազգուշացումով, այլ ակամայից: Մարդիկ ուղղակի գնացին ու փակեցին: Նախապատրաստական աշխատանքներ և այլն ես չեմ նկատել: Ոչ էլ նախապես պլանավորված էր, որ այդտեղ աղբամաններ կդրվեն որպես բարիկադներ: Հիմա շատերը կհարցնեն՝ բա ինչո՞ւ կարողացան Բաղրամյանը փակել, իսկ Հրապարակը չեն կարողանա:

Բաղրամյանը փակվեց պահի հրամայականով՝ մարդկանց խանդավառությունն այլ էր, բայց երբեմն պահեր են գալիս, որ դադար է պետք տալ, որովհետև լճացումն ի վնաս է աշխատում: Ես այստեղ լճացում եմ տեսնում: Պայքարը վերաիմաստավորելու և դադարի փուլ պետք է ունենա: Մարդկանց սակավությունը ցույց է տալիս, որ պայքարի ոգին կոտրվել է:

Հ.Գ. Խարույկը վառելուց երբ շատ փայտ ես դնում, թթվածին չի լինում և մարում է: Այստեղ նույն պրինցիպն է՝ ճրագը կա, բայց անընդհատ նույն ոճով շատ նստացույցը թթվածնից կզրկի, ու կմարի ճրագը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել