օձAraratnews.am-ը գրում է.

Այս տարվա 7 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է թունավորումների 48 դեպք նախորդ տարվա 63-ի համեմատ: Այս տարի օձի խայթոցից մահացել է մեկ մարդ, մինչդեռ նախորդ տարի մահվան դեպք չի գրանցվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:

Վերջինս ընդգծեց, որ հանրապետության տարածքում ամենավտանգավոր վայրերը Արարատյան դաշտավայրն է, Սիսիանը, Գորիսը, Կապանը, իսկ ԵրևանումˋՀրազդանի կիրճը: Միայն վերջինում այս տարի գրանցվել է թունավորման 5-6 դեպք: Թունաբանը ներկայացրեց նաև առաջին բուժօգնության մի քանի եղանակ:

«Օձի խայթոցի դեպքում պետք է անշարժացնել հիվանդին և տեղափոխել հիվանդանոց: Ցանկալի է նաև խայթոցից անմիջապես հետո արտածծել թույնը հիվանդի արյունից: Կատեգորիկ արգելվում է ժգուտ կապել խայթված հատվածին: Խայթոցն այրել ևս արգելվում է»,- նկատեց նա:

Սև կարիճի խայթոցի դեպքում ևս խորհուրդ է տրվում հիվանդին անշարժացնել և տեղափոխել հիվանդանոց: Եթե օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ է, որպեսզի հիվանդը 6 ժամվա ընթացքում ստանա ներարկում, ապա հանրապետությունում կարիճի խայթոցի դեմ ներարկում չկա:

«Մեզանում կարիճի խայթոցի դեմ հակաթույն չկա, որովհետև դրա պահպանման ժամկետը կարճ է, դեղն էլ բավականին թանկ: Ամեն դեպքում հիվանդանոցում կարելի է համապատասխան բուժօգնություն ցույց տալ: Վերջին տարիներին մեզանում կարիճի խայթոցից մահվան դեպքեր չեն գրանցվել»,- նկատեց բանախոսըˋ հավելելով, որ սև կարիճի խայթոցն ավելի վտանգավոր է, քան օձինը, քանի որ կարիճի թույնն առաջացնում է շնչառության կանգ:

Եզրափակելովˋ բանախոսը հորդորեց քաղաքացիներին՝ զգույշ լինել հատկապես օգոսոստի վերջին և սեպտեմբերի սկզբին, քանի որ սա օձերի խայթոցների ակտիվացման շրջան է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել