2015թ. աննախադեպ էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման տեսանկյունից, և պատճառը ոչ միայն անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման հարյուրամյակն էր, այդ առթիվ կազմակերպված միջոցառումները, այլ նաև ամենատարբեր ճակատներում կատարված մեծածավալ և քրտնաջան
աշխատանքը:

Օրերս Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևը նախարար Նալբանդյանի գնահատականներով դարձավ այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչման ազդարարը, որը նաև շարունակությունը դարձավ եվրոպական թատերաբեմում ձեռք բերված հաջողությունների: Իհարկե ապրիլի 15-ին Եվրոպական խոհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վճռական բանաձևը ոչ միայն սրբագրեց 1987թ. նույն մարմնի կողմից ընդունված բանաձևը՝ հաշվի առնելով նոր իրողությունները, այլ նաև խթանեց եվրոպական տարբեր պետություններում, այդ թվում նաև` Բելգիայում, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։

Դրանց հաջորդեց Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից, և հատկանշականն այն է, որ ճանաչումը տեղի ունեցավ խորհրդարանում ներկայացված բոլոր՝ իշխանական և ընդդիմադիր ուժերի միաձայն կողմ քվեարկությամբ:

Գործընթացը նոր թափ և որակ ստացավ Բելգիայում, ուր վարչապետ Շառլ Միշելը միանշանակ հայտարարեց, որ իր երկրի դիրքորոշումը ցեղասպանության հարցում հստակ է, և այդտեղ չի կարող երկիմաստություն լինել։ Դրան հաջորդեց Բելգիայի խորհրդարանի գրեթե միաձայն ընդունված բանաձևը, որը, կոչ անելով Թուրքիային առերեսվել սեփական պատմությանը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մերժում է ժխտողականությունը։

Նույնիսկ անզեն աչքով պարզ է դառնում այն դրական տեղաշարժը, որն արձանագրել է հայկական դիվանագիտությունը Բրյուսելի պես կարևոր քաղաքական կենտրոնում։ Այս ամենը հայկական դիվանագիտության, Բրյուսելում ՀՀ դեսպանության, լոբբիստական կազմակերպությունների համատեղ և հետևողական աշխատանքի արդյունք է, ինչն առանձին դրվատանքի է արժանի։ Վերջին մեկ տարվա դիվանագիտական հաջողությունները կոտրում են այն բոլոր կարծրատիպերն, իբր փոքր պետություններն ունակ չեն մրցակցելու և հաջողելու ավելի ուժեղ և հարուստ երկրների նկատմամբ:

Հատկանշական է նաև, որ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան, որն ամեն անգամ որևէ երկրի կողմից ցեղասպանության ճանաչման ժամանակ հետ էր կանչում իր դեսպանին, այս անգամ որոշեց ձեռնպահ մնալ նման քայլից. միգուցե վերջապես հասկացավ, որ նման գործելաոճով շուտով գործող դեսպան չի ունենա: Ուստի խոհեմ էր դեսպան հետ կանչելու վարքագծից հրաժարումը։ Սա նաև կարևոր ազդակ է այն երկրներին, որոնք պատրաստվում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել