Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի ընդդիմադիր գործիչներ հայազգի Գարի Կասպարովը, Ալեքսեյ Նավալնին, Իլյա Յաշինը և «Ձախ ճակատի» առաջնորդ Սերգեյ Ուդալցովը կարող են «Շարժում անօրինական իմիգրացիայի դեմ» նախաձեռնության նախկին ղեկավար Ալեքսանդր Բելովի դեմ հարուցված նոր քրեական գործի ամբաստանյալներ դառնալ: Այդ մասին gazeta.ru-ին հայտնել է Բելովի փաստաբան Իվան Միրոնովը:

«Վերջերս Ղազախստանում իմ հաճախորդի գործերից մեկի առիթով որոշ քննչական գործողություններ են իրականացվել՝ խուզարկումներ տեղի ընդդիմադիրների շրջանում և հարցաքննություններ: Արդյունքում՝ քննիչները տվյալներ են ստացել, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ ղազախական ընդդիմության առաջնորդները ծանոթ են Ուդալցովի, Նավալնիի, Յաշինի, Կասպարովի հետ: Քննությունը ստուգում է վարկածն այն մասին, թե արդյո՞ք Բելովը կարող էր միջնորդ լինել նրանց միջև»,- ասել է Միրոնովը:

Փաստաբանի խոսքով՝ կազմակերպության նախկին ղեկավարի նկատմամբ ատելություն հրահրելու մասին գործի ժամկետներն ավարտվում են, իսկ իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրական եզրակացություն դեռ չի ներկայացվել:

«Գործը չփակելու համար քննիչները պետք է շտապ տվյալներ գտնեն, որ ենթադրվող հանցագործությունն իրականացվել է մի խումբ անձանց կողմից, ինչը և հոդվածն ավելի կծանրացնի: Դրա հետ էլ կապված են Ղազախստանում խուզարկումներն ու հարցաքննությունները»,- նշել է Բելովի պաշտպանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել