Tert.am-ը գրում է.

Էլեկտրաէներգիայի թանկացումը եղել է չպատճառաբանված, սակայն բողոքը նույնկերպ պատճառաբանված չէ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ-իրավաբան Էդիկ Մամիկոնյանը՝ անդրադառնալով Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խորհրդի անդամների նստացույցին՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշման։

Ըստ նրա՝ նստացույցն այնքան էլ հեռանկարային քայլ չէ։ «Համակարգում խնդիրներ կան, որոնք պետք է վերլուծվեն, ի հայտ բերվեն։ Ես համոզված եմ, որ նստելով նման խնդիրներ չեն լուծվի»,-ասաց նա։

Քաղաքագետը նկատեց, որ երիտասարդների մի մասը բացի բողոքի ակցիաներից,  ցանկանում է պարզել է, թե ինչ է տեղի ունենում էլեկտրաէներգիայի գնագոյացման ոլորտում և ինչպես դրա վրա կարելի է ազդել։

«Ես կարծում եմ, որ այնտեղ իրոք խնդիրներ կան, որոնց լուծման միջոցով կարելի է այդ հարցերը կանխել։ Սակագնի բարձրացման պատճառների զգալի մասը կրում են արհեստական բնույթ կամ անփութության պատճառով են առաջանում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Բաղրամյան փողոցում բողոքի ակցիայի նման հրապարակի նստացույցը ևս կոգևորի և իրենց շուրջը կհավաքի մարդկանց, քաղաքագետը, թեև չցանկացավ գուշակություններ անել, սակայն ասաց, որ այդպես չի կարծում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել