Բնավ չցանկանալով անդրադառնալ մեր լրատվական դաշտում տարածված` Հայ Եկեղեցու հետևորդ ներկայացող Արտակ Մինասյանի մտորումներին ու անպարկեշտ որակումներին` Սևանի Վազգենյան դպրանոցի հարևանությամբ գտնվող ավտոմեքենաների կայանման կանգառի կտրոնի շուրջ` ուզում եմ պարզաբանել հետևյալը:

Հայ Եկեղեցին հսկայական կառույց է, որ իր բուն առաքելության իրագործման ճանապարհին պետք է նաև տարբեր ոլորտներում լավագույնս կազմակերպի իր գործունեությունը: Մայր Աթոռ Ս. Էջմիածինը իր զանազան կառույցներով տարբեր վայրերում ունի իր շինություններին հարակից ավտոկանգառներ, որտեղ մեքենա վարողներին կայանման դիմաց տրվում են կտրոններ: Դրանում որևէ անօրինականություն և առավել ևս անպատշաճություն չկա: Ներկայիս, օրինակ, Մայր Աթոռի ավտոկանգառն ընդարձակվում է և բարեկարգվում, որպեսզի տեղավորի այցելու ուխտավորների ու զբոսաշրջիկների փոխադրամիջոցները: Ինձ համար, նաև իբրև մեքենա վարողի, ընկալելի է, թե այդ ամենը կատարելու և պատշաճ պահպանելու համար անհրաժեշտ են միջոցներ, որոնք Արտակ Մինասյանները բնավ չեն նվիրաբերում:

Իսկ թե ինչու է կտրոնի վրա արձանագրված Մայր Աթոռի անունը` այն պարզ և ազնիվ պատճառով, որ անձը գիտենա, թե ի տարբերություն բազում այլ նմանօրինակ անհայտ վճարումների, որ կառույցի բարօրությանն ու առաքելությանն է ծառայելու իր վճարած լուման: Իսկ եթե կան անձինք, ովքեր չեն ցանկանում նպաստել դրանում Հայ Եկեղեցուն և նրա ծրագրերին, մեկնաբանություններն ավելորդ եմ նկատում: Հայ Եկեղեցին միշտ էլ մնում է Եկեղեցի` հավատարիմ իր առաքելությանը, բայց և չի դառնում շինարարական կազմակերպություն, երբ հարկադրված է նորոգել իր վանքերն ու եկեղեցիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել