Tert.am-ը գրում է.

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունները հաղորդման տեսքով ներկայացնելու ժամանակ Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ 2006 թ-ից սկսած, երբ գործարանի 90 տոկոսը վաճառվեց «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ» ընկերությանը, իսկ միայն 10 տոկոս բաժնետոմսերը մնաց ՀՀ կառավարությանը, սեփականատեր ընկերությունը պարտքեր է կուտակել: Զախարյանը նշեց, որ պարտքերն ու վնասները 2006թ-ից սկսած աճել են ամեն տարի:

«2006-2007 թթ-ին ընկերությունը կուտակել էր 12.5 միլիարդ դրամ պարտք ու ամեն տարի աճել են պարտքերը: 2010-ին «Նաիրիտի» պարտքն արդեն 50 միլիարդ դրամ էր: Սրանք այն տարիներն էին, որ գործարանը դեռ աշխատում էր»,- հայտնեց Երվանդ Զախարյանը` հավելելով, որ պարտքերի կուտակման պատճառն այն է եղել, որ արտադրական ինքնարժեքը միշտ գերազանցել է ապրանքի գնին: Այդ ամենին զուգահեռ սեփականատերը շարունակել է գործունեությունը` ներգրավելով վարկեր կուտակելով մեծածավալ պարտքեր, և գործարանը բերել ինքնակործանման:

Նախարարը նշեց, որ գործարանի պարտքը այսօրվա դրությամբ հասել է արդեն 126 մլրդ դրամի:

«Կառավարությանը բոլորովին ձեռնտու չէ գործարանը սնանկացումը, որն իր հետ բերելու է մեծ ծախսեր՝ անվտանգության հետ կապված, բնապահպանության հետ կապված, միլիոնավոր դոլարների լրացուցիչ ծախսեր են դրա համար պետք հայթայթել: Այնպես որ կարծիքը, որ շրջանառվում է, որ  Կառավարությունը ցանկություն ունի և տանում է լուծարման՝ ես ուզում եմ  պատասխանատու հայտարարել, որ բոլորովին այդպես չէ և կառավարությունը կողմ է և ամեն ինչ արել է և անում է, որպեսզի գործարանը վերագործարկվի»,- ասաց նա և հավելեց, թե դրա համար է, որ Կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին, որպեսզի վերջինս այն ուսումնասիրի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել