Չգիտեմ, դեղնած հոգիս գուցե ձմռանը կսպիտակի... Աշո՞ւն, թե՞ դեղնած դրախտ մեր սրտերում... Գրքիս մեջ եղած տերևները ձեզ կսպասեն... Ներիր, որ քո աշունը անցյալում մնաց... Իմ գարունը դեռ նոր է գալու: Աշունը թափառաշրջիկի պես շրջում է իմ փողոցով՝ այստեղ ևս թողնելով իր հիվանդագին մարմինը: Երբ արև կա, այդ ժամանակ էլ նույնիսկ զգում եմ «անձրևի ցավը»: Մի տեսակ տարօրինակ աշուն է: Աշունը միշտ ինձ համար եղել է հաճելի հյուր, այլ ոչ թե թափառաշրջիկ, տերևաթափը միշտ ստիպում էր ինձ գեղեցիկ խորհրդածությունների մեջ ընկնել ու երբևէ այն չէի անվանել հիվանդագին մարմին: Անձրևը ցավ չուներ, այն միշտ մաքրելու ու թարմացնելու համար էր գալիս, իսկ հիմա մի տեսակ ուրիշ է, տրամադրությունն էլ է ուրիշ: Տերևաթափի հետ արթնացող զգացումները մի տեսակ շատ են տխուր, չկան այլևս խենթություն անելու մտքերը, չկա անձրևից թրջող մարդկանց մոտ հաճույքի ու խենթությունների ոչ մի զգացողություն: Ցուրտ է, բայց ոչ այնքան, որ մարդկանց շրթունքները սառեցնի ու չկարողանան ժպտալ, ցուրտ է, բայց ոչ այնքան, որ կարողանա սիրտ սառեցնի ու այն անտարբեր գտնվի այս աշնան հանդեպ, ցուրտ է, բայց ոչ այնքան, որ մարդկանց աչքերում տխրությունը սառեցնի, ցուրտ է, բայց ոչ այնքան… Աշունը եկավ, անցնում է ու գնում։ Գնում է ինչպես իրար հաջորդող, իրար շատ նման, բայց միևնույն ժամանակ շատ տարբեր աշունները։ Ամեն աշնան վերադարձին մեզ թվալու է, թե կրկին նույն պատկերն է լինելու, կրկին նույն տերևները, կրկին նույն կախարդական երազն է այցելելու, բայց ամեն աշնան հետ այդ միակերպ պատկերի ընկալում տարբեր է յուրաքանչյուրիս մոտ ու ամեն աշնան թողած հետքերը միևնույնը չեն լինում։

Աշուններ էլի են գալու, էլի ենք տեսնելու աշնանային խճանկարներ, իսկ մինչ այդ ցանկանում եմ փոքր ինչ ամփոփել գրեթե անցնող աշունը:

Ամեն առավոտ աշնան արևն իր լուսաշող ցոլքն էր սփռում հիասքանչ բնության վրա։ Օր օրի բնությունը սկսում էր ճկվել, բայց այդ ամենը կատարվում էր հրաշափայլ տեսարաններով։ Պատկերների մեջ առավել նկատելին աշնան դիցուհին էր, ով իր խոնարհումով ավելի էր գեղեցկացնում իր հավերժահարսի կերպարը։ Այդ փերին իմ տեսած ծառերի մեջ ամենաչքնաղն էր, որին ամեն անգամ դիտում էի առանց աչք թարթելու։ Ծառը աշնան ծերանալու հետ սկսել էր դեղձան գույն ընդունել ու ամեն անգամ արևի շողերի ներքո այն փայլփլում էր ոսկու մեջ։

Մեկ այլ ծառի տակ տերևաթափն էին վայելում սիրահար զույգերը, ովքեր ամեն մի տերևի թափվելու հետ իրար էին նվիրում սիրաբաղձ խոսքեր։

Ի դեպ, այս աշնանը քիչ անձրևանոցի կարիք զգացվեց, անձրևն էլ կարծես թե գուշակում էր իր տեղալու ճիշտ ժամանակն ու անհրաժեշտությունը, և իր հետ քիչ տեղացող անձրևը կարողացավ մաքրել ու տանել երբեմն հավաքված տրտմությունն ու մռայլությունը։

Կախարդական տերևները դանդաղորեն թափվեցին ու այդ գունեղ պատկերը կամաց-կամաց կորցրեց իր գունավոր երանգները։ Այն այսօր ազդարարում է աշնան վերջը։

Աշունը վերջանում է ու ժամանակն է բարի գալուստ ասելու ձմռանը։ Անհամբեր սպասում եմ առաջին ձյանը։

Մի այլ կողմում թռչունների ժողով էր կարծես, այստեղ էլ բացակայում էին մրսկանները: Նրանց ժողովը շատ համակարգված էր, նրանք հավաքվել էին մի պարանի վրա, մի ուղղությամբ ու ի տարբերություն անցած անգամվա տեսածիս՝ այս անգամ նրանք չէին երգում, բայց դա չտխրեցրեց ինձ` նրանք խորհում էին… ու պետք չէր խանգարել: Ահա այս կողմում շունն էր մտել իր տնակը և ոչ մի կերպ դուրս չէր գալիս, չէր հետևում անց ու դարձին, երևի նա էլ էր խորացել մտքերով:

Մեկ այլ տեղ լրիվ դատարկություն էր, սրա մեջ էլ գտա իմաստ` այն դեռ գտնելու է իրեն արժանի պատկերը: Բայց դրան հակառակ մի ուրիշ տեղ արդեն իսկ երևում էր մեկ այլ նկարի նախնական պատկեր, ու դրանից հեշտ էր եզրակացնել` գյուղացու աշնանացանն է, հողն էլ է շնչում… Քայլեցի էլի առաջ, ու մի տեսակ հանգստություն էր զգացվում, բայց հաստատ բերքահավաքի ժամանակ տիրող աշխուժության բացակայությունը չէր: Բայց հաճելի էր դրա բացակայությունը` չկան այլևս ճանճերն ու մոծակները, ինչ լավ է, սրանցից էլ ազատվեցինք:

Դարձյալ ոսկե շորեր կհագնես,
Ու դու կգաս` ոչինչ չասելով,
Կգաս ու լուռ կնայես դու մեզ
Կախարդական ջերմ հայացքով:

Կգաս դու կրկին` տեսիլքի նման
Քեզ հետ կբերես մորմոքված հուշեր,
Կգնաս հոգնած ծերունու նման՝
Թողնելով սրտումս դեղնած տերևներ:

Տրտմագին սիրտս քեզ էր սպասում,
Ու այժմ եկել ես քո դերն խաղալու,
Ես կծափահարեմ քեզ հանդիսասրահում
Կխոնարհվես ու կգնաս, հեռու, շատ հեռու:

Այսօր նկատեցի, որ տերևները քո
Մի տեսակ ավելի էին նրբացել
Ու քո օրվա ծերանալու հետ
Նրանք ավելի էին գեղեցկացել:

Քնքշություն տեսա քո մեղմ քամու մեջ,
Այն զգուշությամբ փչում էր օդում,
Ու այդ քնքշությամբ քամին իր հետ
Քո սոսափյունն էր տանում:

Քո ծերանալը տխուր հետք թողեց
Այն գունաթափ ծառներին,
Որոնք լացով ճամփում էին
Իրենց ծածկող թփերին:

Տեսնում էի քո ծերանալը,
Որը մառախուղ իմ մեջ մտցրեց,
Կուզեի այսօր ես սոսնձել
Վերջին տերևն, որն թափվեց:

Խնդրում եմ, աշո՛ւն, տարտամ հեռացիր,
Որ իմ սրտին վերք չլինի
Ու քո դյուրազգաց տերևաթափի հետ
Գոնե հասցնեմ գրել մի երգ:

Այսօր նկատեցի տերևները քո
Նրանք այլևս փարթամ չէին
Ու քո օրվա ծերանալու հետ
Նրանք աներևույթ հեռանում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել