Ադրիատիկի ափին գտնվող Ֆերմո քաղաքի «Polo Scolastico Paritario Don Bosco» դպրոցի իտալացի ուսուցիչ Չեզարե Կատան ամառային արձակուրդներին իր աշակերտներին 15 կետից բաղկացած տնային առաջադրանք հանձնարարեց, և թերևս սա լավագույն բանն էր, որ նա կարող էր անել։

Չեզարե Կատայի կողմից հանձնարարված տնային առաջադրանքը համացանցում հայտնվելուց հետո միանգամից տարածվեց ու իսկական հռչակ բերեց նրան ամբողջ աշխարհում։  
Ահա թե ինչ է նշանակում սիրել աշխատանքդ ու հոգ տանել երեխաների մասին։

teacher

ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵԶԱՐԵ ԿԱՏԱՅԻՑ

1. Առավոտյան միայնակ զբոսնեք ծովի ափի երկայնքով, նայեք արևի լույսին ու մտածեք այն բաների մասին, որոնք ձեզ երջանիկ են դարձնում։

2. Փորձեք նոր բառեր օգտագործել, որոնք սովորել ենք այս տարի։ Որքան շատ բառ կարողանաք օգտագործել ձեր խոսքում, այնքան ավելի հետաքրքիր կսկսեք մտածել, իսկ որքան շատ մտքեր ունենաք, այնքան ազատ կլինեք։

3. Կարդացեք. որքան կարող եք շատ, սակայն ոչ այն պատճառով, որ պարտավոր եք, այլ որովհետև ամառը ոգեշնչում է երազելու ու արկածներ որոնելու, իսկ ընթերցանությունն ասես թռիչք լինի։ Կարդացեք, որովհետև դա ապստամբության լավագույն ձևն է (եթե գրքի ընտրության հարցում խորհրդի կարիք ունեք, դիմեք ինձ)։

4. Խուսափեք այն ամենից, ինչը բացասական էներգիա ու դատարկության զգացում է հաղորդում (իրեր, իրավիճակներ, մարդիկ)։ Ոգեշնչանք ու ընկերներ փնտրեք, ովքեր հարստացնում են, ովքեր հասկանում են ձեզ ու գնահատում ձեզ այնպիսին, ինչպիսին կաք։

5. Եթե տխրություն ու վախ եք զգում, մի անհանգստացեք. ամառը, ինչպես կյանքում յուրաքանչյուր հրաշալի բան, կարող է հոգին շփոթության մեջ գցել։ Օրագիր պահեք և գրի առեք այն, թե ինչ եք զգում (իսկ սեպտեմբերին, եթե ցանկանաք, մենք դա միասին կկարդանք)։

6. Պարեք ու մի կաշկանդվեք ոչնչից. ամենուր, որտեղ պատահի, թեկուզ պարահրապարակում, թեկուզ քո սենյակում՝ միայնակ։ Ամառը պար է, և հիմարություն է դրան չմասնակցելը։

7. Թեկուզ մեկ անգամ գնացեք արևածագը դիմավորելու։ Լուռ կանգնեք ու խորը շունչ քաշեք։ Փակեք աչքերն ու ապրեք երախտագիտության զգացումը։

8. Ավելի շատ սպորտով զբաղվեք։

9. Եթե հանդիպել եք մեկին, ով ձեզ շատ է դուր եկել, ասեք դա նրան գեղեցիկ ու համոզիչ ձևով, հենց որ կարողանաք։ Մի վախեցեք չհասկացված լինելուց։ Եթե ոչինչ չստացվի, նշանակում է՝ ձեր ճակատագիրը չէր, իսկ եթե պատասխանի, ապա ամառը դուք միասին կանցկացնեք, ու դա ոսկե ժամանակ կլինի (անհաջողության դեպքում վերադարձեք 8-րդ կետին)։

10. Կարդացեք մեր դասերի կոնսպեկտները։ Համեմատեք ամեն ինչ այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում։

11. Եղեք այնքան երջանիկ, որքան արևի լույսը և նույնքան ազատ ու անսանձ, որքան ծովը։

12. Խնդրում եմ, մի վիճեք։ Մեղմ ու բարի եղեք։

13. Լավ ֆիլմեր դիտեք՝ խորը էմոցիոնալ երկխոսություններով (եթե կարող եք անգլերենով), որպեսզի միաժամանակ լավացնեք անգլերենի իմացությունը և ընդլայնեք զգալու և երազելու կարողությունը։ Թող որ ֆիլմը չվերջանա ձեզ համար եզրափակիչ տիտրերի հետ, ապրեք այն նորից ու նորից, ներառեք այն այս ամառվա կենսափորձի մեջ։

14. Ամառը կախարդանք է։ Առավոտվա շողացող արևային լույսի հետ ու ամառային շոգ երեկոներին երազեք այն մասին, թե ինչպիսին կարող է ու պետք է լինի կյանքը։ Արեք ձեզնից հասնող ամեն բան, որ երազանքին տանող ճանապարհին ոչնչից չհանձնվեք։

15. Լավը եղեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել