Երբ առաջին անգամ դիտեցի «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմը (Դեն Բրաունի համանուն գիրքը, անկեղծ ասած, այդպես էլ չկարդացի) տակավին ուսանող էի։ Ակնհայտ էր, որ ֆիլմը և դրա սյուժեի հիմքում ընկած գիրքը գեղարվեստական ֆանտաստիկայի ժանրից են, սակայն պղտորված այս ջրում շատերը փորձեցին ձուկ որսալ, իսկ շատերն էլ՝ հարցերից առհասարակ անտեղյակ, Աստվածաշունչից 1-2 նախադասություն կարդացած (կամ գուցե ընդհանրապես չկարդացած), հեշտությամբ կուլ տվեցին խայծը։ Որպես հետևանք՝ մարդկանց մոտ ձևավորվեց այն կարծիքը, թե իբր քրիստոնեական եկեղեցին դարեր շարունակ թաքցրել է պատմական իրականությունը՝ այն, որ Հիսուս Քրիստոս ամուսնացած է եղել Մարիամ Մագդաղենացու հետ, և նրանք զավակ ու ժառանգներ են ունեցել։ «Գաղտնիքի» բացահայտումը, պարզվում է, թաքցրել է միջնադարի մեծագույն հանճար Լեոնարդո դա Վինչին։ Այս ամենը փաստելու համար Բրաունը կառչել էր այնպիսի անհաստատ աղբյուրներից ու հիպոթեզներից, որոնք ամեն մի լուրջ գիտնականի ու աստվածաշնչագետի ծիծաղը կհարուցեին, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ գիրքը, ֆիլմը և ընդհանուր գաղափարը ամենևին էլ գիտական չէին, այլ սոսկ՝ գեղարվեստական։ Միամիտ լինենք այնքան, որ մտածենք, թե գիրքը գրվել, վաճառվել ու բեստսելլեր էր դարձել զուտ կոմերցիոն նպատակներով, այսուհանդերձ համապատասխան պաշար չունեցող ընթերցողի ու դիտողի ընկալումներում այն կասկածի տակ էր դնում Հիսուս Քրիստոսի ԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ։


Խճճված այդ ֆիլմից հետո մի շարք փաստերի խեղաթյուրումը և որոշ հարցերի կամայական մեկնաբանումը 3-րդ լսարանի ուսանողիս մոտ ցանկություն առաջ բերեցին հոդված գրել և հիմնավորումներով հերքել սուտը, սակայն մյուս կողմից վախեցա, թե նման աշխատանքը ուսանողական կարողություններից վեր պիտի լիներ և, հնարավոր է, դիտարկվեր նաև որպես դիլետանտություն։ Ավելի ուշ համացանցում պատահականորեն հանդիպեցի վավերագրական մի ֆիլմ՝ պատրաստված հեղինակավոր Discovery հեռուստաալիքի կողմից, որում իմ վաղեմի գաղափարներից շատերի հաստատումը գտա։ Ցանկացողներին առաջարկում դիտել այս կարճ, բայց բովանդակալից ֆիլմը և կիսվել կարծիքներով։

  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել