«Իրական Մակկոյ», «Կողոպտողը», «Գողը», «Օուշենի ընկերները», «Կողոպուտ իտալական ձևով»… Տասնյակ ֆիլմեր կարելի է հիշել, որոնցում ցուցադրված մտացածին կողոպուտների մասին պատկերացումները գերված են մեզ պահել էկրաններին, իսկ շատերը երազել են հոլիվուդյան սցենարներն իրականություն դարձնելու մասին: Լոնդոնում էլ գտնվել են խելոքներ, ովքեր երազելուց զատ կոնկրետ քայլերի են գնացել ու հաջողության հասել:

6 անհայտ անձինք խիստ յուրահատուկ ձևով թալանել են Լոնդոնի կենտրոնում գտնվող դեպոզիտային բանկը` դատարկելով այնտեղ պահվող պահարանները: Տարբեր հաշվարկներով՝ գողոնի ընդհանուր արժեքը տատանվում է մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր միլիոն ֆունտի սահմաններում, իսկ եթե հաշվի առնենք, որ Լոնդոնն ամենաշատ տեսախցիկներով քաղաքն է, այս իրական կողոպուտը փաստորեն ավելի բարդ է, քան ֆիլմերինը:

Նախ՝ չարագործները պահեստում եղել են երկու անգամ` ուրբաթ գիշերը, իսկ այնուհետև կիրակի գիշերը: Երկրորդը՝ նրանք այդպես էլ անհայտ են մնացել, թեև տեսախցիկները ֆիքսել են նրանց, ինչպես նաև նրանց մեքենան: Մամուլը նույնիսկ մականուններով է կնքել նրանց. Խարտյաշ, Ուժեղ, Ծերուկ, միստր Մոնտանա, Ջենթլմեն և Աշտարակ: Ու վերջապես, ոստիկանությունը կողոպուտի մասին իմացել է միայն օրեր անց (առաջին ներխուժումը տեղի է ունեցել ապրիլի 3-ին, երկրորդը` 5-ին, իսկ ոստիկանությունն ահազանգ է ստացել միայն ապրիլի 7-ին):

Իսկ հիմա ամենահետաքրքիրը. դեռ ապրիլի 3-ի գիշերվա 00:21-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել բանկի շենքից, ինչը պետք է հուշեր ապօրինի ներխուժման մասին, սակայն համակարգչային համակարգը, որն ավտոմատացված ռեժիմով որոշում է եկող ազդանշանների առաջնահերթությունը, տվել էր այս ազդանշանին մի կարգավիճակ, որը չէր ենթադրում ոստիկանական միջամտության անհրաժեշտություն: Այս կապակցությամբ արդեն ներքին քննություն է սկսվել Սքոթլանդ Յարդում:

Ոստիկանության փորձագետները հանցագործության վայրում բազմաթիվ իրեղեն ապացույցներ են հավաքել, այդ թվում նաև ԴՆԹ նմուշներ ու մատնահետքեր, ինչպես նաև հաջողվել է պարզել հանցագործների երթուղին: Ոստիկանության կայքում հրապարակվել են կողոպուտի ենթարկված վայրի լուսանկարները:

Հաթթոն-Գարդենում գտնվող շենք, որում տեղակայված են մի քանի ընկերությունների գրասենյակներ, և որն ունի ընդհանուր մուտք, հանցագործները ներթափանցել են կողային մուտքից: Պահուստարանը գտնվում է նկուղում, ու որպեսզի հայտնվեն այնտեղ, հանցագործները կանգնեցրել են վերելակն ու երկրորդ հարկից իջել մինչև նկուղի մակարդակ:

Ողջ օպերացիայի ինտերակտիվ մոդելը կարող եք տեսնել այստեղ:

Պողպատե դռան կոտրված ու ճկված ճաղերը

Ամրացված բետոնից պատը, որը կես մետր հաստություն ուներ, հանցագործները ծակել էին ալմաստե ծայրով Hilti DD350 սարքով:

Պահուստարանի տեսքը ներսից. 999 դարակներից բացվել են 72-ը, որոնցից 7-ը դատարկ են եղել, իսկ 11-ը նախատեսված են եղել կոնֆիսկացման համար` սահմանված վճարները չմուծելու դեպքում:

Պահուստարանի դուռը

Պահուստարանի ճկված դարպասները

Դեպի պահուստարան տանող միջանցքը

6 ֆիլմեր, որոնք կարող են ոգեշնչած լինել հանցագործներին

Mirror պարբերականն իր հերթին է հիշել 6 ֆիլմեր, որոնք կարող էին ոգեշնչել հանցագործներին` վերլուծելով վերջիններիս գործողությունները:

1. Օուշենի 11 ընկերները

Երեք խոշոր խաղատներից 150 միլիոն դոլարի կողոպուտ:

2. Կատաղած շներ

Ֆիլմը պատմում է ադամանդների մեծ քանակի կողոպուտի մասին, որն այնպես չի ընթանում, ինչպես նախատեսված էր, ու սկսվում են արյունալի որոնումներ ու հարաբերությունների պարզում, որպեսզի պարզեն, թե ով է «քաշել» բանդային:

3. Կողոպուտ իտալական ձևով (1969)

Ոսկի տեղափոխող զրահամեքենայի կողոպուտի պատմություն` համեմված հումորով ու խելահեղ մրցավազքերով:

4. Խաղաքարտեր, փողեր և երկու հրացան

Ֆիլմ այն մասին, թե ինչի են պատրաստ մարդիկ, միայն թե փակեն թղթախաղով արյունարբու բանդիտին պարտված գումարը:

5. Սովորական կասկածյալներ

Ֆիլմ ամենաանսովոր հանցագործության ու ամենահանճարեղ հանցագործի մասին:

6. Սեքսուալ տականք

Բանդան ներթափանցում է բանկի նկուղ, որտեղ գտնվում է պահուստարանը` լի զարդերով: Ծանոթ է հնչում, այդպես չէ՞ :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել