Tert.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել հուլիսի 25-ին ձերբակալված Տիգրան Խաչատրյանին, ով Սյունիքի մարզպետի որդին է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տ.Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:

Ապացույցների համակցությամբ` Տ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:

Հաշվի առնելով քրեական գործի հասարակական մեծ հնչեղությունը` քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կշարունակվի տեղեկությունների պարբերաբար տրամադրումը:

Հիշեցնենք, որ Գորիսի Սդզի գյոլ կոչվող վայրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Տիգրան Խաչատրյանին ձերբկալել էին հուլիսի 25-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել