Tert.am-ը գրում է.

Հայ-ադրբեջանական հարաբերություններում բանակցային գործընթացի ակտիվությունն ինչ-որ տեղ սպասելի էր, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հասկանում են, որ այս փուլը կարևոր է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` ավելացնելով, որ Ադրբեջանն այս պահին պատրաստ չէ պատերազմի:

«Այդուհանդերձ, լուրջ զարգացումներ չեն լինի: Հիմա ամենաշատը, որ կլինի, դա նախագահների հանդիպում կազմակերպելն է, ոչ ավելին: Բանակցային գործընթացը փակուղուց հանելու համար հիմա համանախագահներին միայն հանդիպում կազմակերպելն է մնում, ինչը դժվար է ասել, նրանց կհաջողվի՞, թե՝ ոչ: Դա կախված կլինի մարտի դաշտում տեղի ունեցող իրադարձություններից»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի ակտիվությունը մեծ հաշվով համընկավ տարածաշրջանային զարգացումներով, մասնավորապես Իրանի և վեցյակի համագործակցությամբ: Տարածաշրջանում ռուս-ամերրիկյան համագործակցությունը նորից սկսում է աշխատել, և Ադրբեջանը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի սահմանում իրավիճակը լարված պահի:

«Վստահեցնում եմ, որ Ադրբեջանին դա լավ հաջողվում է. երբ տարածաշրջանում ինչ-որ զարգացումներ են լինում, նա անմիջապես անցնում է գործողությունների»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հնարավորությանը, քաղաքագետն ասաց, թե Ադրբեջանի կողմից պատրաստակամություն չի տեսնում, նախևառաջ այն պատճառով, որ Ադրբեջանը պատրաստ չէ դրան ռազմականորեն և տնտեսապես:

«Սոցիալական խնդիրը շատ սուր է դրված Ադրբեջանում: Արտաքին ազդակները նույնպես պակասում են, քանի որ նա աջակցություն չի ստանալու նույնիսկ իր ռազմավարական գործընկերոջից՝ Թուրքիայից: Հետևաբար, Ադրբեջանը ռազմական հաջողության հասնել չի կարող, ինչի շանսերն ունի հայկական կողմը»,- կանխատեսեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Այնպես որ, ըստ բանախոսի, Ադրբեջանին մնում է միայն սահմանին լարված իրավիճակ ստեղծել՝ այդպիսով քաղաքական դիվիդենտներ շահելով:

Քաղաքագետն ասաց նաև, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցերը չպետք է կապել եվրոպական այլ պաշտոնյաների այցերի հետ, քանի որ Եվրոպան խնդիր ունի մշակելու հնարավոր զարգացումները: Ըստ նրա՝ Հայաստանի կարևորությունն ինչ-որ չափով ավելանում է, քանի որ Իրանը փորձելու է տարածաշրջանում կարևորել մեր երկրի դերը: 

Եզրափակելով իր խոսքը՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ խնդիրն Ադրբեջանին մշտապես լարված պահելն է սահմանին, որ այդ իրավունքը նրա ձեռքում չմնա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել