Tert.am-ը գրում է.

Չարենցավանի հաստոցաշինական գործարանի հենքի վրա ստեղծված «Լյուբավա-Արմենիա» ընկերությունը, որ հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունն է Հայաստանում, ՀՀ պաշտպանության նախարարության պատվերներն է կատարում՝ արտադրելով քողարկիչ ծածկեր, զրահաբաճկոններ, վրաններ, զինվորական ուսապարկեր, հետախույզի հագուստներ: Գործարանի արտադրանքը տարածաշրջանի այլ երկրներ դեռ չի մտել:

«Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական համատեղ ձեռնարկության գործադիր տնօրեն  Յարոսլավ Ռուխն ասաց, որ արտադրում են նաև տարբեր տեսակի և տարբեր նշանակության զրահաբաճկոններ, այդ թվում նաև կերամիկական ներդիրներով, որոնք կարող են դիմակայել նաև դիպուկահարի կրակոցին, և այնպիսի ներդիրներով զրահաբաճկոններ, որոնք Կալաշնիկովի ավտոմատի 6 փամփուշտ են հետ մղում:

«Մենք ունենք աշխարհում ամենաժամանակակից տեխնոլոգիաներից մեկը: Արտադրում ենք քողարկող ծածկույթներ, որոնք պաշտպանում են և՛ օպտիկական, և՛ ջերմադիտարկող, և՛ ռադարային տեսադաշտում»,- ասաց տնօրենը՝ նշելով նաև, որ այդ քողարկող ծածկույթներն արտահանում են նաև ՆԱՏՕ-ի բանակներ:

Ընկերությունն արտադրում է նաև կեղծ թիրախային տանկեր, որոնք հեշտությամբ կարող են մոլորության մեջ գցել թշնամուն: Ի տարբերության քողարկիչ ծածկերի, կեղծ թիրախ համարվող տանկը «որսում է» ջերմադիտարկող սարքերի, ռադարների ուշադրությունը:

Բացի ռազմական նշանակության պարագաներից, «Լյուբավա» ընկերությունն արտադրում է նաև քաղաքացիական նշանակության պարագաներ. վրաններ, որոնք բացվում են 1 րոպեի ընթացքում, հովանոցներ և զանազան այլ կենցաղին իրեր:

ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանն ասում է, որ նման տեխնոլոգիաներով արտադրություն  տարածաշրջանում չկա, Հայաստանը միակն է:

Հարցին, թե հնարավոր է, որ Ադրբեջանն էլ օգտվի նույն ընկերության արտադրանքից, Մուրադ Իսախանյանը պատասխանեց, թե՝ ոչ, քանի որ «Լյուբավա»-ն Հայաստանի գործընկերն է:

««Լյուբավա-Արմենիա»-ն պատվերներ է իրականացնում Պաշտպանության նախարարության և Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության համար: Այս պահին մեկ խոշոր պատվեր ունի նաև հարևան Վրաստանից:

Նշենք, որ ընկերությունը Հայաստանում է 2014 թվականի հոկտեմբերից: Ընկերությունը հիմնվել է 51%-49% համամասնությամբ, որից 51%-ը պատկանում է լեհական ընկերությանը, 49%-ը՝ ՀՀ ՊՆ-ին:

Ընկերության աշխատակիցները պարբերաբար մեկնում են Լեհաստան՝ վերապատրաստման:

Ինչ վերաբերում է սոցիալական մասին, ապա այստեղ աշխատում է 100 մարդ, պատվերների ավելացմանը զուգահեռ յուրաքանչյուր տարի ձեռնարկության աշխատողների թիվը 25-ով ավելացվում  է:

«Յուրաքանչյուր արտադրամասի ծանրաբեռնումից հետո սկսում են նման կարգի այլ արտադրամաս բացել: Այս պահին  աշխատանքներ են տարվում և հաջորդ մեր արտադրամասը կլինի զրահապատ թիթեղների արտադրությանը: Վստահ ենք, որ մինչև տարեվերջ այս արտադրամասը 70% ծանրաբեռնվածություն կունենա: Հենց մեկ ուրիշը ծանրաբեռնեցինք, լեհական կողմը կանցնի մի նոր արտադրամասի կառուցմանը` ըստ պայմանագրի: Սահմանափակում չկա»,- տեղեկացրեց ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել