Tert.am-ը գրում է.

Երեկ երեկոյան հակառակորդը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը` թե՛ արցախյան սահմանի, և թե՛ Տավուշի մարզի հատվածներում: Ընդհանուր առմամբ, մոտ 160 խախտում է տեղի ունեցել մինչ առավոտ, այդ թվում՝ կիրառվել են 60 և 82 մմ ականանետեր. հայկական կողմը կորուստներ չունի, հակառակորդը որոշակի կորուստներ է կրել, ինչը նաև այսօր խոստովանել է,- «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Չնայած դրան` այս օրերին Ադրբեջանը ակտիվ քարոզչություն է վարում` կեղծելով հայկական կողմի իբր կորուստների փաստը, և շարունակ ապատեղակատվություն տարածում: Հորդորում ենք դրան չտրվել, քանի որ մենք մշտապես տեղեկություններ ենք տարածում և առաջարկում հակառակորդի տեղեկություններին չհետևել: ԶԼՄ-ները պետք է զերծ մնան ադրբեջանական կայքերով առաջնորդվելուց»,– ասել է նա:

«Ինչ վերաբերում է հակառակորդին տված պատասխանին, ապա հայկական կողմի գործողությունները ոչ միայն լռեցնում են հակառակորդին, այլև ստիպում նրանց հետ քաշվել: Դրա մասին է վկայում նաև վերջերս Նախիջևանի հատվածում իրականացված գործողությունը, որի արդյունքում մերոնք բարելավեցին դիրքերը` առաջ տանելով հենակետերը, և հսկողություն սահմանեցին  ռազմավարական կարևոր ճանապարհների վրա»,– ավելացրել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը:

Արծրուն Հովհաննիսյանը նաև նշել է, որ հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունավետության մասին է վկայում նաև այն, որ այլ տրամաչափի և այլ մաշտաբների կիրառումը, հակառակորդի կողմից ոտնձգությունները հաջողությամբ կասեցվում են։

«Ուղղակի այլ հարց է, թե հանրության մեջ և, հատկապես, այսպես կոչված «որոշ փորձագետների» կողմից այդ էֆեկտիվությունը ինչպես է մեկնաբանվում: Եթե ոմանք կարծում են, որ միակ արդյունավետությունն այն է, որ հակառակորդը կապիտուլյացիա կնքի մեզ հետ՝ խաղաղություն ցանկանալով, ապա դա այնքան էլ այդպես չէ»,- եզրափակել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել