Ինչպես գիտենք, Բագրատաշենի անցակետում տեղի են ունենում վերանորոգման ու նորացման աշխատանքներ: Այսօր Վրաստան կատարելիք աշխատանքային այցից առաջ վարչապետը կանգ է առել «Բագրատաշեն» սահմանային անցակետում:

Գործադիրի ղեկավարը շրջայց է կատարել սահմանային անցման կետում, ծանոթացել կատարվող շինաշխատանքների ընթացքին: Այժմ ընթացքի մեջ են Բագրատաշենի անցակետի 5 մասնաշենքերի կառուցապատման, ներքին և արտաքին հարդարման, կոմունիկացիոն աշխատանքները: Պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքների հիմնական մասն արդեն իսկ կատարվել է, ակնկալվում է, որ նորակառույց անցակետը շահագործման կհանձնվի ըստ նախապես հայտարարված ժամանակացույցի, այն է՝ հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում:

Հարկ է նշել, որ նոր անցակետում տեղադրված կլինեն ժամանակակակից զննող-հսկող սարքավորումներ, որի շնորհիվ էլ մարդկային միջամտությունը կլինի նվազագույն չափով, և քաղաքացիներն ու տնտեսվարող սուբյեկտները կկարողանան նվազագույն ժամանակահատվածում հատել անցակետը, սահմանահատումն իրականացնել առավել սահուն և արագ:

Կառավարության ղեկավարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դրա արդյունքում կունենանք միջազգային նորմերին համապատասխան անցակետ: «Ծրագիրն ընթանում է ըստ ժամանակացույցի, և ՀՀ ֆինանսների նախարարի պնդմամբ՝ հաջորդ տարվա մարտին այս մաքսակետը կգործարկենք: Կարևորն այն է, որ քաղաքացիների, այդ թվում տնտեսվարող սուբյեկտների համար կստեղծվեն սահմանի հատման արդի պայմաններ, կվերանան կուտակումները»,- նշել է Գործադիրի ղեկավարը:

Հարկ է նշել, որ վարչապետին է ներկայացվել նաև Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր՝ «Բարեկամության» կամուրջի կառուցման ընթացքը, որի համար այս տարվա ընթացքում պետք է հայտարարվի շինաշխատանքների կազմակերպման մրցույթը:

Հատկանշական է, որ սահմանային անցակետերի արդիականացման ծրագրով պետք է հիմնել պետական սահմանի անցման կետերի ժամանակակից ենթակառուցվածքներ, հեշտացնել Հայաստանի և Վրաստանի միջև ու այնուհետ դեպի ԵՄ երկրներ շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների օրինական շարժը, զարգացնել սահմանների կառավարման ոլորտի պատասխանատու մարմինների կարողությունները:
Ընդհանուր առմամբ «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերի արդիականացման ծրագրի համար կներդրվի 70 մլն դոլար, իսկ դրա իրականացումն էլ Կառավարությունն անում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գրասենյակի և միջազգային այլ կառուցների հետ համագործակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել