Tert.am-ը գրում է.

Թուրքական ուժերը շաբաթ օրը սկսել են Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման և Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների թիրախներին օդային հարվածների և ցամաքային հարձակումների երրորդ ալիքը: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, հաղորդում է AFP գործակալությունը:

«Մենք հրահանգել ենք Սիրիայում և Իրաքում հարվածների երրորդ ալիքը սկսել: Իրականացվում են օդային և ցամաքային գործողություններ»,- Անկարայում լրագրողներին ասել է Դավութօղլուն:

«Ոչ ոք չպետք է կասկածի մեր վճռականության հարցում: Մենք թույլ չենք տա Թուրքիան անօրեն երկիր դարձնել»,- ասել է նա:

Թուրքիան շաբաթ օրը վաղ առավոտյան իրականացրել է օդային հարվածների երկրորդ ալիքը, որոնց նպատակն է եղել «ահաբեկչական սպառնալիքները վերացնելը»՝ այս անգամ հարվածելով ոչ միայն Սիրիայում ԻՊ-ի, այլև՝ Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության թիրախներին։ Թուրքիայի ցամաքային ուժերը նաև հրետանային հարվածներ են հասցրել թիրախների ուղղությամբ:

Դավութօղլուն հայտնել է նաև, որ շաբաթ օրը խոսել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանիի հետ՝ բացատրելով Քրդական աշխատավորական կուսակցության վրա հարձակումները, և վերջինս իր «համերաշխությունն» է հայտնել։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի ողջ տարածքում իրականացված հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ԻՊ-ի, Քրդական աշխատավորական կուսակցության և այլ զինված խմբավորումների 590 ենթադրյալ անդամ է ձերբակալվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել