Tert.am-ը գրում է.

Tert.am-ը արցախյան ծագման սև խավիարի, Արցախում սահմանադրական բարեփոխումների ու թոշակների ու աշխատավարձերի մասին զրուցել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:

-Մատաղիսում գործող սև խավիարի արտադրամասի արտադրանքը հաղորդվեց, որ հասանելի կլինի 5 տարի հետո: Խավիարի սպառումը որ սպառողի համար է նախատեսված` ներքի՞ն, թե՞ արտահանման համար: Եթե արտահանման, ապա, ինչ երկրներ եք նախատեսում արտահանել:

-Խավիարը նախատեսված է գլխավորապես արտահանման համար, քանի որ բավականին մեծ ծավալներով է արտադրությունը լինելու: Շուկաներ գտնելու հարցով կառավարությունը չի զբաղվում, սակայն համոզված եմ, որ սպառումն ընդգրկելու է բազմաթիվ երկրներ՝ հիմնականում եվրոպական և ամերիկյան:

-Որքա՞ն է լինելու դրա շուկայական արժեքը, արդյո՞ք այն մրցունակ է լինելու ադրբեջանական սև խավիարի նկատմամբ:

- Գնի որոշման ուղղությամբ շուկայագետները զբաղվում են, ինչն ավելի որոշակի կլինի արտադրությանը զուգահեռ: Սակայն ամեն ինչ արվելու է, որ այն իր ուրույն տեղն ունենա շուկայում՝ այդ թվում մրցակցային գնի շնորհիվ:

- Մամուլում շրջանառվում էր, որ Արցախում ամիսներ շարունակ չեն վճարվել աշխատավարձերը և որ սոցիալական բունտ է հասունանում: Թոշակների , աշխատավարձերի ուշացումներ կա՞ն և ինչով են պայմանավորված:

-Նախ, պետք է հստակեցնել, որ պետբյուջեից վճարվող աշխատավարձերի և թոշակների ուշացում չկա, դա հասարակ բամբասանք ու շահարկում է: Աշխատավարձերը վճարում ենք հաջորդ ամսվա, իսկ թոշակները՝ տվյալ ամսվա ընթացքում: Ինչ-ինչ տեխնիկական պատճառներով մի քանի օրով հետաձգված վճարումն ուշացում չի կարող համարվել, քանի որ իրականում այդ փոփոխությունը տեղավորվում է օրենքով սահմանված ժամկետներում: Այո՛, կան որոշ ծրագրեր, որոնց ֆինանսավորումը հետաձգվում է, բայց ոչ երբեք աշխատավարձերի ու թոշակների վճարումը: Խնդիրն այն է, որ Արցախի պետբյուջեն ուղղակիորեն կախված է ընթացիկ մուտքերից, և բյուջե մտցված գումարն անմիջականորեն ուղղվում է պլանավորված ծախսերին: Հետևաբար, աշխատավարձերի և թոշակների՝ վերջին շրջանի զգալի բարձրացումներն ու արտաքին տնտեսական ոչ բարենպաստ գործոնները որոշ խնդիրներ են առաջացրել բյուջեի ծախսային հատվածը ժամանակին սպասարկելու մասով: Նաև հիշեցնեմ, որ ինչպես բոլոր պետություններում, մեզ մոտ նույնպես բյուջեն պլանավորված է սղաճով, ինչը նշանակում է, որ ծախսերն ավելի շատ են, քան եկամուտները:

-Արցախում ևս սահմանադրական փոփոխությունների հնարավորության մասին խոսվում էր: Ե՞րբ է դա հնարավոր, և ի՞նչ մոդել է ընտրվելու: Հնարավո՞ր է, որ ՀՀ-ի օրինակով ընտրվի վարչապետական մոդելը:

-Անձամբ ես և իմ կուսակցությունն այդ բարեփոխումներին կողմնակից ենք, սակայն Արցախում պաշտոնական գործընթաց դեռևս չենք սկսել: Մոդելի ընտրությունը կախված է քաղաքական և փորձագիտական խորհրդակցությունների արդյունքներից: Պարտադիր չէ, որ այն նույնական լինի ՀՀ-ում առաջարկվող տարբերակի հետ, փոխարենը պարտադիր է, որ այն համապատասխանի հանրապետության առանձնահատկություններին և զարգացման տեսլականին: Կարծում եմ, որ շուտով խորհրդակցությունների փուլը կսկսենք, և մեզ կհաջողվի բարեփոխումների միջոցով բարձրացնել քաղաքական և պետական կառավարման համակարգերի արդյունավետությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել