Tert.am-ը գրում է.

Հայոց ցեղասպանության ճանաչումների ու ընդունումների եվրոպական երկրների շղթայում ևս մեկ օղակի ամբողջացումը՝ ի դեմս Բելգիայի, շատ կարևոր է։ Tert.am-ի հետ զրույցում ասաց   ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, մանրամասնելով, թե ինչու։

«Բելգիան կարևոր է այն իմաստով , որ Բրյուսելը Եվրոպայի կենտրոնն է. այստեղ են բոլոր կարևոր կենտրոնական  հանձնաժողովները, այստեղ են Եվրոպայի բոլոր կենտրոնական մարմինները ու Եվրոպական միությունը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ Բելգիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, որն ընդգծում է նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը և կոչ է անում Հայաստանին և Թուրքիային «օգտագործել Հայոց ցեղասպանության 100-ամյակը՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու, սահմանը բացելու և տնտեսական ինտեգրման համար ուղի բացելու համար»։

Գասպար Կարապետյանը համաձայն է այս առիթով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության հետ, քանի որ ասաց. «Ամբողջացավ ճանաչման գործընթացը: Անշուշտ, մնում է ժխտողականության մասը, ինչի վերաբերյալ բավական խոսքուզրույց եղավ խորհրդարանի ներսում, և, ըստ երևույթին շարունակություն պիտի լինի»:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահը նաև հիշեցրեց, որ այս տարի ապրիլին  Ֆլամանդական խորհրդարանը ևս ընդունեց  բանաձև, որով դատապարտել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիների Օսմանյան կայսրության ղեկավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել այն:

Գասպար Կարապետյանը Բելգիայի պարագայում գրանցված հաջողության մեջ մասամբ առանձնացնում է Բելգիայում հայ համայնքի մեծաքանակ լինելու հանգամանքը և Բրյուսելի հարգանքի տուրքը նրանց ու նրանց պատմության նկատմամբ: Իսկ թե ինչու  մասամբ, ասաց. «Եթե միայն համայնքների հարցով միայն այդպես մոտենային, ապա  հայկական համայնքը կազմում է թրքական համայնքի մոտ տասը տոկոսը,. այսինքն` թուրքականը շատ ավելի մեծ է: Եվ  եթե միայն քվեների հաշվարկով լիներ, անշուշտ, մեր քվեները ավելի քիչ են: Բայց, անշուշտ,կա նաև համայնքի կազմակերպվածությունն ու ակտիվ ներկայությունը. մեր` Եվրոպայի Հայ դատի  ներկայությունը Բրյուսելի մեջ, Բելգիայի հայ դատի հանձնախմբի»:

Այս համատեքստում Գասպար Կարապետյանը նկատեց, որ սա Եվրոպայում ընդհանուր միտում է և  հիշեցրեց, որ 2015 թվականի ապրիլի 15-ի Եվրոպական խորհրդարանը  երկրորդ անգամ և ավելի ընդգրկուն ու խոսուն տեքստով վերահաստատեց ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչումը, այնպես էլ Թուրքիային կոչ արեց ճանաչել այն։

«Հասկանալի է, որ սրանից հետո եվրոպական երկրներն էլ սկսեցին իրենց պարտավորությունը, որ իրենցից ամեն մեկը դա անի»,- ասաց դաշնակցականը և ավելացրեց, որ քանի դեռ մնում են չընդունած երկրներ, այդ աշխատանքը , բնականաբար, պետք է շարունակվի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել