Tert.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հուլիսի 20-ին հանդիպումից և նշեց, թե ինչ հարցեր են բարձրացրել: Ըստ նրա՝ հիմնականում խոսել են սահմանադրական բարեփոխումների մասին, իսկ թե ինչ արձագանք են ստացել, չնշեց՝ հանդիպումը փակ էր: Արմեն Մարտիրոսյանը նաև կարծիք հայտնեց, որ ԵՄ-ի հետաքրքրությունը տարածաշրջանի և մասնավորապես ՀՀ-ի նկատմամբ մեծացել է:

-Պարո՛ն Մարտիրոսյան, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հանդիպել է խորհրդարանական 5 կուսակցությունների ներկայացուցիչների հետ: «Ժառանգություն» կուսակցությունից նաև Դուք եք մասնակցել հանդիպմանը, ի՞նչ հարցեր եք բարձրացրել եվրոպացի պաշտոնյայի հետ հանդիպմանը:

- Հարցերի լայն շրջանակ ենք քննարկել և՛ կեղծված ընտրությունների խնդիրը, և՛ ընտրական օրենսգրքի հետ կապված խնդիրները՝ հատկապես բացակա քաղաքացիների փոխարեն քվեարկություններն իշխանության օգտին, և՛ սահմանադրական փոփոխությունների հետ կապված խնդիրը, և՛ «Ժառանգության» մոտեցումները քաղաքական հարցերում, կոնկրետ այս դեպքում ԵՏՄ-ի հետ կապված, որ մենք կողմ ենք այդ պայմանագրին, որ բանակցությունները սկսվեն, մեր աջակցություն ենք հայտնել դրան: Նաև մի խնդիր էլ ենք արծարծել եվրոպական կառույցների կողմից կեղծված ընտրությունների ճանաչելը, որը խնդիր է առաջացնում:

-Իսկ սահմանադրական բարեփոխումների հարցում ի՞նչ արձագանքներ եք ստացել:

-Բնականաբար չեմ կարող ասել, որովհետև դա փակ հանդիպում էր, միայն կարող եմ ասել, որ ինքը հետաքրքրված լսում էր մեր դիտարկումները: 

- Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված եվրոպական կողմի նման հետաքրքրվածությունը տարածաշրջանի նկատմամբ: 

- Բնականաբար Եվրոպան Հայաստանով հետաքրքրված է որպես տարածարջանային գործընկեր պետություն: Եվրոպան հետաքրքրված է Հայաստանով, քանի որ աշխարհում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում, այդ թվում նաև Իրանի հետ կապված, և Հայաստանը Եվրոպային կապող օղակներից մեկը կարող է հանդիսանալ, ինչը ցանկանում են և՛ եվրոպացիները, և՛ միջազգային մեր գործընկները: Տնտեսական այդ օղակը կարող է լինել Հայաստանը: Բացի այդ, բնականաբար, կա նաև Արևելյան գործընկերության խնդիրը, կա նոր պայմանագրի խնդիրը, կարծում եմ՝ հետաքրքրությունը իսկապես մեծացել է և ԵՄ նման բարձրաստիճան պաշտոնյայի այստեղ լինելը հենց դրանով է պայմանավորված:

- Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը խոսել էր նաև այն մասին, որ եվրոպական կառույցներում և Եվրոպայում շատ մարդկանց համար նույնպես նավթի ու գազի հոտի ու  խավիարի համը զգլխիչ է: Իսկ Դուք խոսել եք արդյո՞ք նույն հարցի մասին:

-Արտաքին քաղաքական ասպետին՝ ղարաբաղյան խնդրին չենք անդրադարձել, ավելի շատ սահմանադրական փոփոխությունների խնդրի շուրջ ծավալվեց խոսակցությունը, բայց ինչ վերաբերում է ընդհանրապես նման նավթային ու խավիարային մոտեցումներին, ինքս բացատրել եմ, որ Եվրոպան պետք է իր արժեքներին համապատասխան գործի ցանկացած հարցում, ուստիև եթե խոսում ենք խավիարային դիվանագիտությունների մասին, պետք է  ինքնադատաբար մոտենալ և խոսել նաև կեղծված ընտրությունների մասին: Իհարկե, Ադրբեջանն իր նավթային կարողություններով կարողանում է հակակշռել իր բռնապետական ռեժիմը, քաղբանտարկյալների, լրագրողների ձերբակալությունների մասին և, փա՛ռք Աստծո, Հայաստանում դեռևս այդ աստիճանի չի հասել, չնայած ունենք քաղբանտարկյալներ՝ ի դեմս Շանթ Հարությունյանի և ընկերների, Վոլոդյա Ավետիսյանի, բաց կարծում եմ՝ ցանկացած պարագայում այդ արժեքներին չհետևելը, քաղաքական շահից ելնելով, առկա է քաղաքականության մեջ, ուստի պարզ է, որ Ադրբեջանի նկատմամբ մոտեցումները մեղմ են, հակառակ պարագայում Ադրբեջանը պետք է բառիս բուն իմաստով «իզգոյ» պետություն դառնար: Հայաստանի պարագայում էլ, բնականաբար, պետք է ժողովրդավարական արժեքներին ուշադրություն դարձնել: Ցանկացած պարագայում գտնում եմ, որ խնդիրը մեր մեջ է, մենք ինքներս մեր պայքարով, մեր քաղաքական կամքով պետք է մեր խնդիրը լուծենք: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել