Tert.am-ը գրում է.

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված «ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում և Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հեռանկարները» թեմայով քննարկմանը քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը երկու խնդիրի անդրադարձավ արդյո՞ք ՀՀ-ն կարող է իր անվտանգությունը դիվերսիֆիկացնել՝ ի դեմս ՆԱՏՕ-ի, ինչի անհրաժեշտությունը, ըստ նրա, պետք է՝ միակողմանի կախվածություններից խուսափելու համար, և թե ինչպես են ՆԱՏՕ-ն և ՀՀ-ն դիտարկում իրենց հարաբերությունները:

«Ընդհանուր առմամբ, անգամ ՆԱՏՕ անդամ երկրները, Արևմուտքը պաշտոնյաների և փորձագետների շուրթերով երբեք չեն դադարում կրկնել, որ Հայաստանն այն բացառիկ երկրներից է, ով գտնվելով անվտանգության միանգամայն այլ կառույցում՝ ՀԱՊԿ-ում, ունի բավական դինամիկ զարգացող հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, որը նույնպես կոլեկտիվ անվտանգության համակարգ է»,-ասաց նա:

Ստյոպա Սաֆարյանը նման իրավիճակը պարադոքս է համարում, և նշում, որ մինչև հիմա այդ հարցը չըմբռնված է: Նա նկատեց, թե որքան էլ խոսենք այլ անվտանգության համակարգին մաս կազմելու մասին և ինտեգրացիոն գործընթացներում ՀՀ-ի հնարավորություններից, այդուհանդերձ, ՀՀ-ն ունի այդ ազատության հնարավորությունը՝ մերձենալու ՆԱՏՕ-ի հետ:

«Պատճառը կհամարենք Մոսկվայի թույլտվությունը, թե պարզապես այն, որ Մոսկվան ինքն էլ այլընտրանք չունի, քան ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների որոշակի մակարդակ պահպանելը, այնուամենայնիվ, անկախ բուն պատճառից, Հայաստանի համար ճանապարհ է բացվում՝ խորացնելու ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները»,- ասաց նա և հավելեց, թե ՀՀ-ն գերազանցապես ներկայացված է ՆԱՏՕ-ի ծրագրերում:

Ռուս–վրացական պատերազմից հետո զարգացման դինամիկան, ըստ նրա, որոշակի խնդիրներ առաջացրեց, սակայն Հայաստանը ճկուն քաղաքականության արդյունքում կարողացավ հաղթահարել փորձությունը: «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները լուրջ փորձություններ են դիմակայել, օրինակ՝ Աբխազիան և Օսիան ճանաչելու պահանջի առումով Հայաստանը ճկուն քաղաքականություն վարեց և կարողացավ չբավարարել ռազմավարական դաշնակցի նկրտումները», -ասաց նա և հավելեց, թե Ռուսաստանը չի էլ թաքցնում, որ իր նախկին ազդեցության տարածքներում ՆԱՏՕ-ի ընդլայնումը սպառնալիք է:

Քաղաքագետը ենթադրեց, որ Ղրիմի հարցով ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշումը, որը ՆԱՏՕ-ն քննդաատում է, կարող է, թերևս, խնդիր առաջացնել, բայց ընդհանուր քաղաքական տեսլականի առումով ՀՀ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների լրջագույն մտահոգիչ հանգամանքներ չկան:

«Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքական կշիռն իր ռազմավարական դաշնակցի մոտ ավելի է բարձրանում, երբ Հայաստան շատ ավելի ինքնաբավ քաղաքականություն է վարում, և արտաքին քաղաքականության առումով մեծապես բարձրանում է ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների կարևորությունը»,– եզրափակեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել