Tert.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը այսօր «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած երիտասարդների հետ հանդիպմանն ասաց, որ Հայաստանն այսօր ամեն ինչ անում է, որպեսզի պատերազմ չսկսվի, սակայն եթե բոլոր այդ ջանքերն ապարդյուն լինեն, ապա հայկական զինուժը պատրաստ է մարտական գործողությունները տեղափոխել այլ տարածքներ։

«Եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի: Հայկական բանակի ամեն օրը լցված են բազմաթիվ միջոցառումներով, որոնք ուղղված են բանակի ուժեղ լինելուն»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ ամեն օր հայկական բանակը զբաղվում է իր կատարելագործմամբ և ոչ միայն ռազմական, այլ նաև արտաքին քաղաքականության, դիվանագիտության առումով, որպեսզի ստեղծենք պայմաններ, որպեսզի միջազգային կառույցները, անվտանգության կառույցները բոլոր իրենց ուժերն ուղղեն պատերազմ չլինելուն: «Մենք կռվելու խնդիր չունենք Ադրբեջանի հետ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի միջամտությանը, պաշտպանության նախարարն ասաց, որ նրանք ՀԱՊԿ-ի, երկկողմանի համագործակցության շրջանակում պարտավորված են իրենց ներդրումն ունենալ ՀՀ անվտանգությունն ապահովելու համար։

«Ամենամեծ անվտանգության ապահովումը ՀՀ ներուժի ապահովումն է»,- ասաց նա և նշեց, ո պետք է օգտագործենք ամբողջ աշխարհում սփռված սփյուռքահայերի  գիտական. կրթական տեղեկատվական ներուժը, որպեսզի նվազեցնենք՝ սլաքների պես Հայաստան եկող  սպառնալիքները:

«Եթե կռիվ լինի հայկական բանակը պատրաստ է հայրենիքը պաշտպանել և դեռ ավելին՝ յուրաքանչյուր մարտական գործողություն տեղափոխել այլ տարածքներ»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել